«Հրապարակ» թերթը գրում է․ «Ապրիլին մեղադրանք էր հարուցվել ազգային արխիվի մի խումբ աշխատակիցների, այդ թվում` արխիվի տնօրենի նախկին տեղակալ Սոնյա Միրզոյանի նկատմամբ, որին ազատել են աշխատանքից եւ տնային կալանք տվել։ Քննչական կոմիտեից միայն հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է պետական դավաճանության, նաեւ «օտարերկրյա պետության ներկայացուցչի կողմից ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար տեղեկություններ հավաքելու դեպքերի առթիվ»` ՀՀ քրօր․ 418-րդ հոդվածի 1-ին մասով (դավաճանություն) եւ 424-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսություն): Արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ դա իր պաշտոնավարած շրջանին չի վերաբերում՝ «կարող է խոսք լինել Հայաստանում բնակեցված ադրբեջանցիների մասին, որոնք բնակվել են 19-րդ դարում եւ 20-րդ դարի սկզբին», եւ պնդել էր, որ դրանք գաղտնի տեղեկություններ չեն` հրապարակված են, եւ «արխիվը պարտավոր է տեղեկություններ տրամադրել ցանկացած դիմողի, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացու»: Մեր տեղեկություններով, ադրբեջանցիներին տեղեկություններ են փոխանցվել տարբեր տարիներին Հայաստանում առկա ադրբեջանական բնակչության քանակի, տեղաբաշխման մասին, որոնք, բնականաբար, ծառայեցվելու են իրենց շահերին: Բայց անգամ եթե դրանք գաղտնի տեղեկություններ չեն, միայն այն փաստը, որ տրամադրվել են գումարի դիմաց, բավարար է, որ հանցագործություն դիտվի:
Ի դեպ, Տեր-Պետրոսյանի նախկին ռեֆերենտ Մուրադ Բոջոլյանը 2002-ին դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման` դավաճանության հոդվածով, միայն այն բանի համար, որ Հայաստանում հրապարակված մամուլից ծաղկաքաղ էր արել եւ գումարի դիմաց տրամադրել թուրքական հատուկ ծառայություններին»։
Մանրամասները՝ այստեղ։