Foto

Թուրքիայի դեմ ԱՄՆ սահմանված պատժամիջոցները մեղմացվում են. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ալբանիայից վերադառնալուց հետո, որտեղ նա մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության թեմային, հաղորդում է Anadolu-ն։

«Մենք կգործադրենք բոլոր ջանքերը՝ երկխոսության ուղիները բաց պահելու և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար», -հայտարարել է նա։

Թուրքիայի նախագահը մեկնաբանել է նաև Պակիստանի և Հնդկաստանի միջև վերջին շրջանում առաջացած լարվածությունը։

«Եթե կողմերից առաջարկ  ստանանք, մենք անպայման մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ կանենք։ Մենք դեմ ենք երկու հարևան երկրների միջև լարվածության սրմանը», - նշել է Էրդողանը։

Անդարդառնալով Միացյալ նահանգների և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման թեմային՝ Էրդողանը հայտարարել է, որ երկու երկրների միջև գործընկերությունը կենսական նշանակություն ունի տարածաշրջանում և ամբողջ աշխարհում կայունության հաստատման համար։

«Իբրև երկու խոշոր դաշնակիցներ և ՆԱՏՕ-ի անդամներ՝ մեր միջև պաշտպանության ոլորտում որևէ սահմանափակումներ կամ խոչընդոտներ չպետք է լինեն», - նշել է Թուրքիայի նախագահը։

«Բացի դրանից, կարող ենք վստահորեն ասել, որ Թուրքիայի դեմ ամերիկյան CAATSA պատժամիջոցները մեղմացվում են։  Կարծում եմ՝ մենք CAATSA-ի հետ կապված գործընթացը շատ ավելի արագ կհաղթահարենք», -ասել է նա։

Էրդողանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ոգուն հակասող բոլոր խոչընդոտները կվերացվեն։ «Յուրաքանչյուր դրական քայլ արժեքավոր է։ Եվ այդպես էլ կշարունակվի», - ընդգծել է նա։