Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ տնտեսության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումից, ինչպես նաև միջուկային ոլորտում համագործակցությունից, հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Չնայած արդեն բազմիցս հիշատակված բարդ իրավիճակին՝ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ տնտեսական և ներդրումային ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումից։ Մեր մասնագետներն աստիճանաբար վերադառնում են «Բուշեր» ատոմային էլեկտրակայան»,- ասել է նա իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ բանակցություններից հետո անցկացված մամուլի ասուլիսում։
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանն ու Իրանը մեծ հեռանկարներ ունեն ածխաջրածինների արդյունահանման և փոխադրման ոլորտում։
«Մենք վերլուծել ենք այն իրավիճակը, որը ձևավորվել է Իրանի դեմ չհրահրված ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով։ Կրկին ընդգծեցի մեր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու փոխադարձաբար ընդունելի լուծումների որոնմանը՝ այս արհեստական ճգնաժամից դուրս գալու համար», - նշել է նաև Լավրովը, հաղորդում է ТАСС-ը։
«Մենք ողջունել ենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու համար դիվանագիտության ռեսուրսն օգտագործելու՝ Թեհրանի նպատակադրվածությունը»,- ընդգծել է Լավրովը։ Նա նշել է, որ «կարևոր է վերադառնալ Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում նախաճգնաժամային իրավիճակին, ներառյալ նավարկության ազատության վերականգնումը և ագրեսիայի չկրկնվելու երաշխիքները»։









