ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուզբեկստան այցի ընթացքում բանակցություններ է վարել Կենտրոնական Ասիայի հինգ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ։
Ռուբիոն երկուշաբթի Ուզբեկստանում հանդիպել է Կենտրոնական Ասիայի հինգ երկրների իր գործընկերների հետ։ Չնայած հրապարակայնորեն հայտարարված պայմանավորվածությունների փոքր թվին, ամերիկացի պաշտոնյաներն այս այցը ներկայացնում են որպես տարածաշրջանում ԱՄՆ ազդեցությունն ընդլայնելու կարևոր հնարավորություն, հաղորդում է Reuters գործակալությունը։
Ռուբիոն կիրակի երեկոյան ժամանել է պատմական Սամարղանդ, որը Մեծ մետաքսի ճանապարհին է։ Երկուշաբթի առավոտյան նա բանակցություններ է վարել Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի արտգործնախարարների հետ։ Երեկոյան նրա ծրագրում նախատեսված են ընթրիք Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ և մասնակցություն ամերիկա-ուզբեկական գործարար խորհրդի միջոցառմանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բնական ռեսուրսներով հարուստ Կենտրոնական Ասիան աշխարհաքաղաքական մրցակցության կարևորագույն հարթակ է դիտարկում, որին նախորդ ամերիկյան վարչակազմերը բավարար ուշադրություն չեն դարձրել։ Վաշինգտոնը հատուկ շեշտադրում է անում տարածաշրջանի հազվագյուտ հողային հանքանյութերերի պաշարներին հասանելիության ընդլայնման վրա։
ԱՄՆ Պետքարտուղարության տվյալներով՝ Ռուբիոյի հետ միասին Սամարղանդ են ժամանել ավելի քան 200 ամերիկացի գործարարներ։
«Լսեք, խոսքը մրցակցության մասին է։ Մենք ունենք ապրանքներ և ընկերություններ, նրանք ունեն իրենց ապրանքներն ու ընկերությունները։ Մենք պարզապես ցանկանում ենք արդար մրցակցություն և դրան մասնակցելու հնարավորություն»,- երկուշաբթի առավոտյան լրագրողներին հայտարարել է Ռուբիոն՝ Ռեգիստանի հրապարակում զբոսանքից հետո։
Այս ճարտարապետական համալիրը ներառում է երեք վեհաշուք մեդրեսե, որոնք զարդարված են կապույտ սալիկներով և կառուցվել են Թիմուրյանների պետության ժամանակաշրջանում։
Ամերիկյան պատվիրակության ընդունելությունն ուղեկցվել է հանդիսավոր արարողություններով։ Երբ Ռուբիոն ժամանել է Ռեգիստան, ուզբեկ կազմակերպիչները երկինք են բաց թողել հարյուրավոր աղավնիներ և հրապարակը լցրել տեղական փոփ երաժշտությամբ։
Կիրակի երեկոյան, պետքարտուղարի Սամարղանդ ժամանումից հետո, նրան ջերմորեն ողջունել է Ուզբեկստանի արտգործնախարար Բախտիյոր Սաիդովը։ Ավանդական հարուստ զարդարված ոսկեգույն-սև խալաթ-չապաններ հագած երկու կին Ռուբիոյին ծաղկեփունջ են նվիրել։
Կան նշաններ, որ Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ, որոնցից բոլոր հինգն էլ եղել են ԽՍՀՄ կազմում, ձգտում են խորացնել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները։
Այսպես, Ղազախստանը նոյեմբերին համաձայնել է միանալ Աբրահամյան համաձայնագրերին՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ նախաձեռնությանը, որի շրջանակում հիմնականում մահմեդական բնակչություն ունեցող երկրները պայմանավորվել են կարգավորել կամ ընդլայնել հարաբերությունները Իսրայելի հետ։
Երկուշաբթի Ուզբեկստանը ստորագրել է «Արտեմիս» համաձայնագրերը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ բազմակողմ նախաձեռնություն, որը սահմանում է ոչ պարտադիր սկզբունքներ և իրավական ուղենիշներ տիեզերքի խաղաղ յուրացման և տիեզերական ռեսուրսների օգտագործման համար։
Միևնույն ժամանակ բոլոր հինգ պետություններն էլ նշանակալի առևտրային և դիվանագիտական կապեր են պահպանում Ռուսաստանի, ինչպես նաև տարբեր աստիճաններով՝ Չինաստանի և Իրանի հետ։ Ռուբիոն ընդունել է, որ տարածաշրջանի երկրները շահագրգռված են միաժամանակ մի քանի խոշոր տերությունների հետ համագործակցությամբ։
«Երկրները ցանկանում են հնարավորինս շատ գործընկերային հարաբերություններ ունենալ»,- լրագրողներին հայտարարել է պետքարտուղարը՝ ելույթ ունենալով Ուզբեկստանի նախագահի դստեր և նախագահի վարչակազմի ղեկավար Սաիդա Միրզիյոևայի հետ միասին։
«Ուզբեկստանը հստակ հասկացրել է՝ նա ցանկանում է ընկերություն անել բոլորի հետ»,- հավելել է Ռուբիոն։









