Կրեմլում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վիետնամի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Տո Լամի միջև բանակցությունները։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Դրանք տևել են գրեթե երեք ժամ։
Կողմերն ընդունել են համատեղ հռչակագիր և ստորագրել մի շարք երկկողմ փաստաթղթեր։
«Ռուսաստանը և Վիետնամը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Վիետնամի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Տո Լամի Մոսկվա պաշտոնական այցը համարում են երկկողմ հարաբերությունների զարգացման պատմական հանգրվան»,- ասվում է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ։
Կրեմլի կայքում հրապարակվել է համատեղ հռչակագիր՝ նոր փուլում գտնվող համապարփակ ռազմավարական գործընկերության ռուս-վիետնամական հարաբերությունների հիմնական ուղղությունների վերաբերյալ։
«Կողմերը կարծում են, որ Լամի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն և նրա մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին, բացառիկ նշանակություն ունեն և նոր պատմական հանգրվան են ռուս-վիետնամական հարաբերությունների զարգացման գործում», - ասվում է հռչակագրի տեքստում։
Նշենք, որ Տո Լամը պաշտոնական այցով Ռուսաստանում է մայիսի 8-ից 11-ը։ Ուրբաթ օրը նա մասնակցել է Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարություններին։