Foto

«Կորած բալիկի համար մշտապես մեղադրում են ծնողներին, պատկերացնում եմ, թե դա որքան է նրանց ցավ պատճառում»․ Անի Քոչար

Լրագրող, հրապարակախոս Անի Քոչարն ինստագրամյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնոլով Մարմարիկում կորած 2-ամյա Տիգրանի դեպքին ու դրա շուրջ առաջացած մեծ աղմուկին։

«Մանկության տարիներին ես երկու անգամ կորել եմ: Առաջին անգամը նախադպրոցական տարիքում. Ռուսաստանում ծնողներիս հետ շրջագայելիս: Գնացքով մի քաղաքից մյուսը գնալիս, կանգառի ժամանակ հայրս իջնում է գնացքից և ես հետևից վազում եմ, մայրս կարծում է՝ հասել եմ հորս, նրա հետ եմ, հայրս հանգիստ է, որ մորս հետ եմ:

Ես հայրիկիս չեմ գտնում և, երբ լսում եմ, որ գնացքը պատրաստվում է շարժվել, իսկույն վերև եմ բարձրանում՝ մտնում գնացքը, երբ ծնողներս իրենց կորցրած արդեն ինձ էին փնտրում: Մի անգամ էլ տոնավաճառում (դժվարին իննսունականներին. հստակ թիվը չեմ հիշում), մայրիկիս կողքից մի պահ հետ եմ մնում, կողքերս նայելով, անուշադիր, որ մայրիկիս կողքով չեմ քայլում բռնում եմ այլ կնոջ ձեռք և այդ պահին է հասկացվում, որ կորել եմ. ինձ տանում են տոնավաճառի ռադիոհանգույց և հայտարարում, որ երեխա է կորել (դե, մայրս էլ ինձ էր փնտրում):

Շատ անգամներ է եղել նաև, որ ես՝ չարաճճի, ինքնագլուխ, անվախ և արկածախնդիր երեխաս/պատանիս երեխաների հետ բակում խաղալիս թռել եմ ու գնացել ձորը (մենք ապրում էինք Հրազդան գետից , Երևանյան լճից հոսող գետին մոտ և հաճախ էինք իջնում ձոր ազնվամորի, ցոգոլ ուտելու, վարարած գետակը քարեր նետելու):

Ինչու եմ այս ամենը պատմում, այն պարզ պատճառով, որ բոլոր այս դեպքերում (և շատ այլ) ինձ հետ կարող էր մի փորձանք պատահել: Մի դիպված լինել, որը կպատուհասեր ինձ ու ընտանիքիս:

Բարեբախտաբար ամեն բան անվտանգ ու անհետևանք է անցել, բայց դեպքերը տարբեր են: Կորած բալիկի (և մյուս դեպքերով էլ) մշտապես մեղադրում են ծնողներին, պատկերացնում եմ, թե դա որքան է նրանց ցավեցնում, կուզեի մեղավոր ու անմեղ մենք չորոշենք և միայն աղոթենք փոքրիկի համար: Իսկ բոլոր նրանք, ովքեր այս դժբախտության ֆոնին ինքնագովազդվում, ինքնադրսևորվում և ինքնահաստատվում են, պարզապես զազրելի են:

Ով չալարեց իրեն ցուցադրեց այս թեմայով, բայց էն, որ հեչ տեղն ու ժամանակը չէ: Լռելը երբեմն գանձ է: Այս աղմուկը որևէ բանի չի նպաստում և ոչ էլ օգուտ է տալիս (իհարկե չհաշված որոշ շառլատանների ինքնագովազդը):

Աստված սիրեք, լռեք ու աղոթեք և թողեք իրավասուներին իրենց գործն անել, իսկ, եթե ցանկանում եք օգնել և ինքներդ էլ փնտրել՝ օգնել, արեք դա լուռ ու առանց շոուների: Մարդկանց դժբախտության վրա և համընդհանուր հույզերի ալիքի վրա մի խաղացեք: Միշտ աղոթեք ձեր երեխաների համար, մի՛շտ ուրախ ու տխուր օրերին»,- գրել է Անի Քոչարը։