Եթե մեկն ինձ մի քանի տարի առաջ ասեր, թե 38 տարեկանում դեռ դուրս եմ գալու մրցագորգ՝ մրցելու, կժպտայի, ֆեյսբուքյան իր էջում գրել է հունահռոմեական ոճի ըմբիշ, Աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը։
«Բայց գործընթացներն այնպես ընթացան, որ, չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանս, նախ վերադարձա ակտիվ սպորտ՝ կարիերայիս 4-րդ Օլիմպիական խաղերի համար (ժամանակին վաստակածս այդ իրավունքն ուղղակի գողացվել էր ինձանից…), և ապա երեկ՝ հենց ծննդյանս օրը, դարձա Պանամերիկայի փոխչեմփիոն:
Շնորհակալ եմ Արգենտինայի ըմբշամարտի ֆեդերացիային՝ այս հնարավորությունն ընձեռելու համար:
Եվ, իհարկե, հայրենիքիս՝ Հայաստանին, որի շնորհիվ այն եմ, ինչ կամ:
Վերջին ամսիներին տարբեր մարդիկ հարցնում էին, թե ինչի՞ս է պետք, երբ ունեմ բոլոր այդ նվաճումները:
Այս քայլին գնալու պատճառը բնավ սպորտային նոր տիտղոս նվաճելու նպատակը չի եղել: Այլ ցանկությունը դուրս գալու համազգային/անձնական անվերջ թվացող պարտության շղթայից, ամոթից, նվաստացումից, երբ պետական ամենաբարձր մակարդակով մեզ փորձում են համոզել, որ թույլ, լուզեր լինելն է ճիշտ, հաղթելը հայի մասին չէ…
Անչափ դժվար ժամանակներ ենք ապրում: Հուսամ՝ այս հաղթանակով, թեկուզ և սպորտային, հնարավոր կլինի ևս մեկ անգամ ապացուցել, որ անհնար բան չկա: Ուղղակի պետք է ունենալ նպատակ և պայքարել անխնա՝ դրան հասնելու համար:
Շնորհավոր Մայիսի 9»,-գրել է Ջուլֆալակյանը։