«Ձերբակալված անձին
չեմ տեսել, չեմ ճանաչում և չգիտեմ ով է»,- այս
ամսին Vesti.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության
անդամ Գևորգ Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ մայիսի
6-ին ՆԳՆ ոստիկանության բաժին ահազանգ էր ստացվել, որ այրել են Երևանի ավագանու անդամի
էլեկտրոմոբիլը, որը պատկանում է նրա կնոջը։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում վարույթ
էր նախաձեռնվել։
Այսօր էլ ՆԳՆ-ից հայտնեցին,
որ այդ վարույթի շրջանակներում կա ձերբակալված անձ, ում ինքնության վերաբերյալ չկա
որևէ տեղեկություն։ Նույնիսկ անվան և ազգանվան առաջին տառերը նշված չեն, ինչը սովորաբար
պաշտոնական հաղորդագրություններում կիրառվել է։
Գևորգ Ստեփանյանին
ևս հայտնի չէր, թե ում մասին է խոսքը։ Նա Vesti.am-ին ասաց, որ հաղորդում ներկայացնելուց
հետո ոստիկաններն իր հետ չեն կապվել, որևէ քննչական գործողություն տեղի չի ունեցել,
ինքն էլ, մամուլի ներկայցուցիչների պես, ՆԳՆ լրատվական հաղորդագրությունից է տեղեկացել,
որ գործով ձերբակալված կա։ Ստեփանյանը կրկին վերահաստատեց՝ անձնական թշնամիներ չունի,
եղածն անձնական հարաբերություններով պայմանավորված չէ, այլ իր քաղաքական գործունեությունն
է պատճառը։
Հաշվի առնելով վերջին
մի քանի օրերին տեղի ունեցած իրադարձությունները՝ ավագանու «Մայր Հայաստան» խմբակգության
անդամների նկատմամբ ռեպրեսիաներ են սկսել կիրառվել։ Բանն այն է, որ օրերս նաև մեղադրանք
է առաջադրվել «Մայր Հայաստանի» մեկ այլ անդամի՝ Մեսրոպ Մանուկյանին, ով ակտիվիստ
Արթուր Չախոյանի հետ ցույց էր տվել վերնորոգված մանկապարտեզի անորակ շինարարությունը, ապա, Նոր Նորքի թաղապետի
հայհոյախառն զանգից հետո, քաղաքական ակցիա էր իրականացրել Չախոյանի հետ։
Ավագանու «Մայր Հայաստան»
խմբակցության անդամները բազմիս Երևան քաղաքին վերաբերող տարբեր հարցերի շուրջ վիճաբանել
են քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ՔՊ թիմի հետ, անհամաձայնությունը և, որոշ դեպքերում, նույնիսկ
անհանդուրժողականությունը երկու խմբակցությունների մեջ ակնհայտ է, երբեմն էլ վիճաբանությունը հատում է անձնական վիրավորանքների
սահմանը։