Foto

Իսպանիայի պատճառով չենք կարող կասեցնել միգրանտների հոսքը. Մարոկկո

Մարոկկոյի իշխանությունները չեն կարող արմատապես ազդել Աֆրիկայի միջերկրածովյան ափին գտնվող իսպանական Սեուտա և Մելիլյա ինքնավար քաղաքներ ապօրինի միգրանտների հոսքի վրա, քանի դեռ Իսպանիան ընդունում է նրանց։ Այս մասին հայտարարել է Մարոկկոյի արդարադատության նախարար Աբդելլատիֆ Վահբին։

«Մենք չենք կարող կանխել ապօրինի միգրացիան, քանի դեռ Իսպանիան այն ընդունում է»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է անդրադառնալ դրա հիմքում ընկած պատճառներին և հարցը լուծել համապարփակ մոտեցմամբ։

Վահբիի խոսքով՝ միայն անվտանգության միջոցների վրա հիմնված լուծումը կայուն արդյունք չի ապահովի։

Նախարարը նաև հայտնել է, որ Ռաբատը պատրաստ է ընդունել ինչպես Սեուտայում և Մելիլիայում գտնվող ապօրինի միգրանտներին, այնպես էլ վերջին սահմանային ներխուժման փորձերի ժամանակ զոհված միգրանտների մարմինները։ Միաժամանակ նա նշել է, որ Մարոկկոն չի կարող ընդունել անհայտ անձանց մարմիններ և Իսպանիայից պահանջել է համապատասխան տեղեկություններ տրամադրել։ Վահբիի խոսքով՝ Իսպանիայի իշխանությունները դեռևս չեն հայտնել զոհված միգրանտների ճշգրիտ թիվը։

Օգոստոսի 12-ին Մարոկկոյի արդարադատության նախարարը հայտարարել էր, որ իր երկիրը երբեք չի վերածվի Աֆրիկայի տարբեր երկրներից Եվրոպա մեկնող ապօրինի միգրանտների պահման գոտու։ Նա նշել էր, որ Ռաբատը պայքարում է ապօրինի միգրացիայի, հանցավորության, ինչպես նաև մարդկանց մաքսանենգությամբ և թրաֆիքինգով զբաղվող ցանցերի դեմ, սակայն խնդիրը կարող է լուծվել միայն համապարփակ և համատեղ համագործակցության միջոցով։