Foto

Քարնին հայտարարել է, որ Կանադայի և ԱՄՆ-ի միջև «առևտրային պատերազմ» է ընթանում

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Կանադան և ԱՄՆ-ը գտնվում են «առևտրային պատերազմի» մեջ։

«Պատերազմի մեջ ես մտնում, երբ քեզ վրա հարձակվում են։ Իսկ մեզ վրա հարձակվել են»,- ասել է Քարնին՝ խոսելով երկու երկրների միջև առևտրային բանակցությունների ձախողման և Կանադայի դեմ ԱՄՆ-ի մաքսատուրքերի սահմանման մասին։

Նրա խոսքով՝ Կանադան այժմ ավելի ուժեղ և համախմբված է, քան այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը սկսեց «առևտրային պատերազմը»։ Քարնին նաև նշել է, որ Օտտավան չի կարող վերահսկել Վաշինգտոնից եկող ճնշումը, սակայն կարող է ամրապնդել երկրի տնտեսությունն ու դիվերսիֆիկացնել առևտրային կապերը։

Քարնին ընդգծել է, որ «Ամերիկան փոխվել է»՝ պնդելով, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը մաքսատուրքեր է սահմանում նույնիսկ ամենամոտ դաշնակիցների նկատմամբ և տնտեսական ինտեգրումն օգտագործում է որպես զենք։

ԱՄՆ առևտրային բանակցությունների ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրն ավելի վաղ հայտարարել էր, որ Կանադայի կառավարությունը հրաժարվել է Վաշինգտոնի համար շահավետ գործարքից։ ԱՄՆ-ի կողմից կանադական որոշ ապրանքների նկատմամբ սահմանված 50 տոկոս մաքսատուրքերը ուժի մեջ են մտել շաբաթ օրը։

Քարնին հաստատել է, որ որոշել է կասեցնել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունները։ Նրա խոսքով՝ Օտտավան ի պատասխան մաքսատուրքեր կսահմանի՝ «աշխատողներին և ձեռնարկություններին պաշտպանելու համար»։ Դրանք նախատեսվում է ուժի մեջ մտցնել սեպտեմբերի 8-ից։