ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսի ղեկավար Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ հութիների դեմ պայքարում ակնկալում է այդ երկրի աջակցությունը: Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը։
Քաջատեղյակ աղբյուրը լրատվամիջոցին փոխանցել է, որ հութիների դեմ պայքարում ԱՄՆ Եգիպտոսից ակնկալում է ռազմական աջակցություն, հետախուզական տվյալների փոխանակում և ֆինանսավորում: Նշվում է, որ այս ամիս տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Թրամփն արծարծել է նաև Սուեզի ջրանցքով ամերիկյան նավերի անխոչընդոտ անցման թեման:
Եգիպտոսի նախագահը հայտարարել է, որ հութիներին զսպելու լավագույն միջոցը կարող է լինել Գազայի հատվածում կրակի դադարեցումը:
WSJ-ն հիշեցնում է, որ Սուեզի ջրանցքով ամերիկյան նավերի՝ առանց մաքսային վճարների անցումից բացի Դոնալդ Թրամփը Եգիպտոսից պահանջում է նաև ընդունել պաղեստինյան անկլավից փախստականներին, ինչն, ըստ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի, սպառնում է եգիպտական պետության ազգային անվտանգությանը: Արտասահմանյան աջակցությունը կրճատելու Սպիտակ տան քայլերն էլ սպառնում են Եգիպտոսի ֆինանսական բարեկեցությանը։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն ապրիլի 28-ին հայտարարել էր, որ ավելի քան 800 հարված է հասցրել հութիներին, որոնց հարձակումները վերջին մեկուկես տարվա ընթացքում հանգեցրել են Սուեզի ջրանցքով նավագնացության կտրուկ կրճատմանը: Անցյալ տարի ջրանցքով օտարերկրյա նավերի անցումից Եգիպտոսի եկամուտները նվազել են գրեթե երկու երրորդով, քանի որ հութիների հարձակումները բեռնափոխադրողներին դրդել են ընտրել ավելի անվտանգ երթուղիներ։