Գերագույն Ռադայի ազգային անվտանգության կոմիտեի քարտուղար Ռոման Կոստենկոն խոստովանել է, որ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ տնօրինության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկի սպանությունը կազմակերպվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։ Նա Մոսկալիկի սպանությունն անվանել է հատուկ ծառայությունների «ճիշտ աշխատանք»։ Այս մասին հայտնում է РБК-ն։
Գեներալը մահացել է ապրիլի 25-ին, երբ Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքի իր տան մուտքի մոտ կայանված Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան պայթեցվել է։ Պայթուցիկ սարքը գործի է դրվել ուկրաինական տարածքից, երբ Մոսկալիկը լքել է շենքը, հայտնել են ԱԴԾ-ից։
Հաջորդ օրը ԱԴԾ-ն և Քննչական կոմիտեն հայտնել են Ուկրաինայի հետախուզության գործակալ Իգնատ Կուզինի ձերբակալության մասին։ Հարցաքննության ժամանակ, որի տեսանյութը հրապարակել են հատուկ ծառայությունները, նա խոստովանել է, որ իրեն «հավաքագրել են ուկրաինական հատուկ ծառայությունները»։