Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման, պատմության և մշակույթի հանրայնացման և փախստականության իրավունքների խնդրի շուրջ՝ ոլորտի մասնագետների մասնակցությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը։
Կլոր-սեղան քննարկմանը բացման խոսքով հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, որը իր ելույթում անդրադարձել է արցախահայության իրավունքների պաշտպանության օրախնդիր մնալու փաստին՝ նշելով, որ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներից բռնի տեղահանված հայությունը այդպես էլ իրական հնարավորություն չստացավ վերադառնալու իրենց բնակավայրերը՝ ստիպված լինելով ապաստանելու կամ Լեռնային Ղարաբաղի մնացյալ տարածքում կամ Հայաստանում, ավելին ՝ 44-օրյա պետերազմից հետո ադրբեջանական իշխանությունները հետզհետե սեղմեցին էթնիկ ատելության օղակը, ինչի հետևանքը եղավ 2023թ․ ողջ արցախահայության բռնի տեղահանումը։
Անդրանիկ Գրիգորյանն անդրադարձել է նաև միջազգային այն կոնվենցիաներին և նորմերին, որոնք սահմանում են հայրենիք վերադարձի իրավունքը՝ շեշտելով, որ արցախահայության վերադարձը ԼՂ-ի հայկական հոգևոր-մշակութային միջավայրի փրկության և պահպանության միակ հիմնավոր երաշխիքն է՝ հաշվի առնելով այն համակարգային և պետականորեն ուղղորդվող վանդալիզմը, որին ենթարկվում են հայկական ազգային-կրոնական հուշարձանները։
Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահը խոսել է նաև միջազգային հարթակներում արցախահայության խնդիրների բարձրաձայնման կարևորության մասին՝ ընդգծելով, որ միությունը բարձրաձայնում է ԼՂ ժողովրդի վերադարձի իրավունքը՝ որպես միջազգային ճանաչված և անօտարելի իրավունք և անհրաժեշտ է, որ միջազգային համայնքը հստակ դիրքորոշում արտահայտի և քայլեր ձեռնարկի՝ ապահովելու համար արցախահայության՝ արժանապատիվ և ապահով վերադարձը իրենց տները՝ միջազգային մեխանիզմների հովանու ներքո։
Գրիգորյանն ընդգծել է նաև մասնագիտական շրջանակներում այն բոլոր ձևերի ու մեթոդների քննարկման կարևորության մասին, որոնք կարող են օգտակար լինել արցախահայության իրավունքների պաշտպանության օրակարգի առաջմղմանը։
Ելույթի վերջում նա շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության և ողջ արցախահայության պայքարը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև մարդու իրավունքների համամարդկային արժեքների պաշտպանության պայքար է։