Foto

Վարշավան և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել Լեհաստանում ատոմակայան կառուցելու վերաբերյալ

Լեհաստանը և Միացյալ Նահանգները նոր համաձայնագիր են ստորագրել առաջին լեհական ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի հետ բանակցություններից հետո։

«Մեր համագործակցությունը նոր թափ է ստացել։ Մեր ներդրումն այսօր նոր, ավելի լավ համաձայնություն է ստացել։ Մենք բազմաթիվ առանցքային հարցեր ենք փոխել 16 կետերում։ Երաշխիքներն ավելի հաստատուն են դառնում, իսկ ներդրումներն՝ ավելի վստահ։ Այս համագործակցության արդյունքը լինելու է ատոմային էլեկտրակայանը մեր հյուսիսում։ Լեհաստանի համար շատ կարևոր է, որ այս ներդրումը շահավետ լինի երկու կողմի համար։ Երկու կողմի ջանքերի շնորհիվ այսօր կարելի է վստահորեն ասել, որ լեհ-ամերիկյան համագործակցությունն ատոմային էներգիայի բնագավառում լավ է ընթանում», - Տուսկի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Իր հերթին, Ռայթը հայտարարել է, որ լեհական ատոմակայանի կառուցումը կապահովի տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծում։

Լեհական առաջին ատոմակայանի շինարարությունը պլանավորվում է սկսել 2028 թվականին, իսկ շահագործման հանձնելը պլանավորված է 2036 թվականին: Կառավարությունն այս ներդրումները ֆինանսավորելու համար 60,2 միլիարդ զլոտի (շուրջ 15 միլիարդ դոլար) կհատկացնի պետական ​​բյուջեից: