Արթուր Ալեքսանյանը մրցումներից մի քսան օր առաջ վնասվածք է ստացել, պատռվել էր նրա ճակատը՝ մինչև ոսկորը, չորս-հինգ կար տվեցինք, ինչ-որ շրջան բաց թողեցինք, հետո՝ սկսեցինք պատրաստվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը՝ անդրադառնալով Արթուր Ալեքսանյանի վնասվածքին։
«Արթուրը մեր երկրի համար արել է այնքան, որ իր արժանիքների մասին խոսելն անիմաստ է։ Ասեցի՝ պատրաստ ես, թե՝ ոչ, ասեց՝ պատրաստ եմ, ես էլ տեսա, որ ինքը լավ պատրաստ էր։ Ուղղակի բուլղարացի ըմբիշն այն ըմբիշն էր, որ իր հետ Եվրոպայի և Աշխարհի առաջնության եզրափակիչում էլ է մասնակցել, Արթուրն անցած տարի իրեն հաղթեց։ Եթե հիշում եք՝ հենց առաջին տասը վայրկյանում խփեց ու Արթուր ոտքի կոճը կոտրեց, հենց այդպես վնասվածքով եզրափակիչը հաղթել է։ Ուղղակի այս անգամ ծնկաչոք վիճակում բռնվածքը լավ չեղավ, որ կատարի իր զինանոցի ամենաբարձր հնարքը՝ չստացվեց։ Այդպես էլ է լինում։ Անպարտելի մարդ չկա»,- նշեց մարզիչը՝ հավելելով, որ այլ հարցերին կպատասխանի Արթուրը։