ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ունեցած ելույթում
անդրադարձել է Հայաստանի արդարադատության համակարգում, իր ձևակերպմամբ, տարիներով
ձևավորված սխալ ընկալումներին և մոտեցումներին։ Նրա խոսքերով, հասարակության մեջ արմատացած
է այն միտքը, թե արդարադատությունը միշտ չէ, որ արդարության դրսևորում է։ Այս մենթալիտեի
համաձայն՝ այն երբեմն կարող է գործել հին հայկակական ասացվածքի տրամաբանությամբ՝ «տերովին
տերն է տարել, անտերին՝ գելը»։
Վարչապետը նշել է,
որ այս մտածելակերպը երբեմն արտահայտվում է օպերատիվ, քննչական, դատախազական և դատական
մարմինների աշխատանքում, որտեղ արդարադատությունը, կարծես, կարող է հասանելի լինել
միայն փոքր՝ էլիտար, շրջանակի։
Նիկոլ Փաշինյանը նորից
բողոքում է իր կառավարման համակարգից։ Գուցե նախկին ընկալումն է պատճառը, ինչպես վարչապետն
է նշում, գուցե այն, որ իր աշխատավայրից իր օգնականը քրեական գործեր էր խմբագրում,
ընդ որում, նույն մարդն այժմ գլխավոր դատախազի պաշտոնն է զբաղեցնում, կամ էլ գուցե
պատճառներից մեկն այն է, որ ամենացածր վարկանիշ ունեցող դատավորը դառնում է Երևանի
քաղաքի քրեական դատարանի նախագահ, ամեն դեպքում դատական համակարգը ևս 7 տարի նույն
դասարանում է մնացել, եթե ոչ՝ ավելի իջել։
Ցանկացած աշակերտ, որ նույն դասարանում է մնում, բակում, հարազատների և բարեկամների մոտ ինքը և ծնողներն ամաչում են ասել, որ նույն դասարանում է մնացել։ Ավելին, խնդիրը շտկում են շատ արագ, փորձում են այնպես անել, որ երկրորդ տարին էլ նույն դասարանում չմնան, էլ ուր մնաց, թե 7 տարի։ Սակայն Փաշինյանն այլ կերպ է մտածում․ «Շատերը կարող են հարցնել՝ ամո՞թ չէ արդյոք նման խոստովանություն անել՝ վարչապետի պաշտոնում եղած 7 տարիների ընթացքում։ Բայց ես կասեի՝ կամաչեի, եթե ամեն ինչ չանեի այդ վիճակը փոխելու համար»։
Սա նույն է, որ աշակերտն
ասի, ես գերազանց էի սովորում, բայց այ ուսուցիչները սարսափելի վատ էին սովորեցնում
և դա է պատճառը, որ մյուս դասընկերները (պետության դեպքում աշխարհի մյուս պետությունները,
նաև թշնամինրը) փոխադրվում էին հաջորդ դասարան, իսկ ես՝ ոչ։
Սակայն, եթե աշակերտի
խնդիրն իրենն է, ինքն է դրա հիմական կրողը, պետության դեպքում՝ մի ամբողջ հասարակություն
է, մի ամբողջ պետականության խնդիր։ Յոթ տարի չզարգացող և դեռ մի բան էլ գահավիժող պետությունն առաջընթացի հնարավորությունից է զրկվում, այնպես ինչպես 7 տարի նույն դասարանում
մնացող երեխան է զրկվում հասակակիցների հետ հավասարը հավասարի շփումից։
Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝
անկախ ու արդար դատական համակարգ ունենալը մնում է կարևորագույն նպատակ, և դրա իրագործման
ճանապարհին անհրաժեշտ է վճռականորեն լուծել առկա խնդիրներն ու գործել հետևողական։ Նման մի քանի տեքստեր հայ հասարակությունը լսել է
2018թ-ին, 2019թ-ին, 2020թ-ին, 2021թ-ին, 2022թ-ին, 2023թ-ին, 2024թ-ին և լսում է
2025թ-ին։ Կա արդյո՞ք որևէ երաշխիք, որ 2026թ-ին Փաշինյանը կրկին ինքն իր կառավարումից դժգոհություն չի հայտնի, որ էլի բարեփոխումներ
են պետք կամ, որ այս տարի էլ բոլորս մնացինք նույն դասարանում։