Քրիստոնեական-ժողովրդավարական միություն/Քրիստոնեական-սոցիալական միություն դաշինքը և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը մի քանի շաբաթ տևած բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել երկրի խորհրդարանում (Բունդեսթագում) իշխանական նոր կոալիցիա ստեղծելու շուրջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները՝ նշելով, որ նշված կուսակցությունները դաշինք ձևավորելու մասին փաստաթուղթը հանրությանը կներկայացնեն ավելի ուշ։
Համաձայնագիրը դեռ պետք է պաշտոնապես արժանանա կուսակցությունների հավանությանը։ Սոցիալ-դեմոկրատները ցանկանում են այն քվեարկության ներկայացնել առաջիկա շաբաթներին։ ՔԺՄ/ՔՍՄ-ն դաշինքն էլ նախատեսում է կուսակցական փոքր համաժողով անցկացնել։ Եթե դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը կողմ քվեարկի այս առաջարկին, ապա արդեն մայիսի սկզբին նա կարող է ընտրվել Գերմանիայի կանցլեր։
Bild թերթի տեղեկություններով՝ կողմերը վերջապես համաձայնեցրել են նախարարական մի քանի պաշտոնների բաշխման հարցը։ Նշվում է, որ ՔԺՄ/ՔՍՄ-ն կստանձնեն ներքին և արտաքին գործերի նախարարությունների, իսկ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ֆինանսների, պաշտպանության և արդարադատության նախարարությունների ղեկավարումը։ Հատկանշական է, որ ՔԺՄ/ՔՍՄ-ն մոտ 60 տարվա ընդմիջումից հետո է ստանձնելու Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության կառավարումը։
Ֆրիդրիխ Մերցի գլխավորած ՔԺՄ/ՔՍՄ-ն դաշինքն այս տարվա փետրվարի վերջին տեղի ունեցած դաշնային արտահերթ ընտրություններում հաղթելուց հետո նոր կոալիցիայի ձևավորման շուրջ բանակցում է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ, որը ղեկավարում է Լարս Քլինգբայլը։