Foto

Պենտագոնի ղեկավարը Չինաստանին մեղադրել է գլոբալ ռազմական հավակնությունների մեջ

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն ասել է, որ Չինաստանն ունի գլոբալ ռազմական հավակնություններ, որոնք Պեկինը դրսևորում է Արևմտյան կիսագնդում և տիեզերքի ուղղությամբ:

«Նրանք ունեն ռազմական գերատեսչություններ և կառույցներ, որոնք ընդլայնում են նրանց մուտքը տիեզերք: Նրանք օգտագործում են ռեսուրսները և հողը Չինաստանի գլոբալ ռազմական հավակնությունները խթանելու համար», - ասել է Հեգսեթը Պանամա կատարած այցի ժամանակ:

Նրա խոսքով, Պեկինը ներդրումներ է անում և գործունեություն է ծավալում այս տարածաշրջանում ռազմական առավելության և տնտեսական  անարդար ձեռքբերումների համար:

«Մենք պատերազմ չենք փնտրում Չինաստանի հետ, և դա, իհարկե, անխուսափելի չէ, մենք այն որևէ ձևով չենք փնտրում: Բայց մենք միասին պետք է ամուր կանգնենք այս կիսագնդում չինական սպառնալիքի դեմ», - ասել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարը:

Հեգսեթն ասել է, որ Թրամփի դիրքորոշումն այն է, որ Պանամայի ջրանցքը չպետք է վերահսկվի Չինաստանի կողմից։