Վերջին երկու շաբաթների ընթացքում Ադրբեջանը գրեթե ամեն օր կրակում է Սյունիքի մարզի ուղղությամբ, հետո ապատեղեկատվություն է տարածում, թե հայկական կողմն է կրակում։ Այս ամենը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հերքվում է, սակայն հաջորդ պահին Ադրբեջանը կրկին շարունակում է ապատեղեկատվության տարածումը։
Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերում ադրբեջանական կրակոցներն ամենօրյա բնույթ են կրում։
168.am–ի հետ զրույցում Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքարյանն ասաց, որ ադրբեջանական կողմից հիմնականում գիշերն են կրակում։
«Երեկ գիշերը, նաև դրանից առաջ Ադրբեջանը կրկին կրակել է։ Գյուղում բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում, եթե նայեն այդ կրակոցներին՝ որևէ բան չեն կարողանալու անել։ Կոնկրետ գյուղի միջից այդ կրակոցների ձայները նույն ձևով լսվում են՝ հեռվից»,- նշեց մեր զրուցակիցը։