Իրանը մերժում է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ սկսելու պահանջը և հակառակ դեպքում ռմբակոծվելու սպառնալիքը՝ առաջարկելով բանակցել միջնորդավորված՝ Օմանի միջոցով. այս մասին Reuters-ին, անձի գաղտնիության պայմանով, ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան:
Վերջինիս խոսքով՝ Իրանը ցանկանում է անուղղակի բանակցություններ վարել Օմանի միջոցով, որը Թեհրանի և Վաշինգտոնի միջև հաղորդագրությունների փոխանակման երկարամյա «խողովակ» է:
«Անուղղակի բանակցությունները հնարավորություն կտան Իրանին գնահատելու Վաշինգտոնի լրջությունը Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ քաղաքական լուծման հարցում»,- ասել է պաշտոնյան։
Թեև այդ ճանապարհը կարող է բարդ լինել, բայց նման բանակցությունները կարող են շուտով սկսվել, եթե ԱՄՆ-ն աջակցի դրան, ասել է պաշտոնյան:
Բացի այդ, Իրանը պաշտոնական նախազգուշացումներ է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, ԱՄԷ-ին, Քաթարին, Թուրքիային և Բահրեյնին, որ ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը ցանկացած աջակցություն, ներառյալ ԱՄՆ զորքերի տեղակայման համար տարածքի տրամադրումը և օդային տարախքի օգտագործումը, կդիտվի որպես թշնամական գործողություն:
«Նման արարքը նրանց համար ծանր հետևանքներ կունենա», - ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իրանի զինված ուժերը բարձր պատրաստվածության է դրել:
Իրաքի, Քուվեյթի, ԱՄԷ-ի, Քաթարի և Բահրեյնի կառավարությունների խոսնակներն չեն արձագանքել: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ տեղյակ չէ նախազգուշացման մասին, սակայն նման հաղորդագրությունները կարող են փոխանցվել այլ ալիքներով:
Չորեքշաբթի իրանական պետական լրատվամիջոցները հաղորդել էին , որ Քուվեյթը հավաստիացրել է Իրանին, որ թույլ չի տա իր տարածքից որևէ ագրեսիվ գործողություն, որն ուղղված է այլ երկրների դեմ: Ռուսաստանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական հարվածներ հասցնելու ԱՄՆ սպառնալիքներն անընդունելի են և կոչ է արել զսպվածություն ցուցաբերել:
Աղբյուրը՝ tert.am