Իրանը հաստատակամ է իր ազգային շահերը պաշտպանելու հարցում. այս մասին, Tasnim գործակալության փոխանցմամբ, ասել է արտաքին գործերի նախարար Սեյեբ Աբբաս Արաղչին:
«Թրամփի նամակին Իրանի պատասխանը տրվել է նամակի բովանդակությանն ու հնչերանգին համապատասխան, միաժամանակ պահպանվել է նաև դիվանագիտությունից օգտվելու հնարավորությունը։ Մենք հաստատակամ և լրջորեն ենք պաշտպանում մեր շահերն ու ազգային ինքնիշխանությունը։
Սկզբունքորեն, ուղիղ բանակցությունները մի կողմի հետ, որը մշտապես սպառնում է ուժի դիմել՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, անիմաստ կլինեն, բայց մենք հավատարիմ ենք մնում դիվանագիտությանը և պատրաստ ենք փորձել անուղղակի բանակցությունների ճանապարհը», - ասել է նա:
Արտգործնախարարը, հիշեցնելով Իրանի միջուկային ծրագրի բացարձակ խաղաղ բնույթը, ընդգծել է. «Իրանը նախկինում ընդունել է մի շարք կամավոր միջոցառումներ՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում՝ իր միջուկային ծրագրի բնույթի վերաբերյալ հավաստիացումներ տալու համար, սակայն ԱՄՆ-ն էր, որ միակողմանիորեն դուրս է եկել այդ համաձայնագրից: Այժմ մենք պատրաստ ենք հետամուտ լինել մեր միջուկային ծրագրի շուրջ երկխոսությանը՝ հիմնված վստահության ամրապնդման տրամաբանության վրա՝ Իրանի դեմ ճնշող պատժամիջոցների չեղարկման դիմաց»։
Հիշեցնենք, որ Իրանը մերժել է ԱՄՆ նախագահի՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցելու առաջարկը՝ հայտարարելով, որ կբանակցի միայն 3-րդ երկրների միջոցով: Ի պատասխան Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը:
«Եթե նրանք գործարքի չգնան, ապա ռմբակոծություններ կլինեն: Ռմբակոծություն կլինի այնպիսին, ինչպիսին նրանք նախկինում չեն տեսել», - ասել է նա:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել էր, որ Թեհրանը Թրամփին ուղղված պատասխան նամակում մերժել Է Վաշինգտոնի՝ միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու առաջարկը: Բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ:
Մինչդեռ դրանից առաջ ԱՄՆ նախագահն ասել էր, որ «վատ բաներ կարող են պատահել Իրանի հետ», եթե երկրի իշխանությունները համաձայնության չգան Վաշինգտոնի հետ Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի վերաբերյալ։
ԱՄՆ նախագահը հիշեցրել էր, թե ինչպես է նամակ ուղարկել Իրանի իշխանություններին, որում ասել է, որ այսպես թե այնպես պետք է որոշում կայացվի։ Թրամփը նշել է, որ կա՛մ Վաշինգտոնն ու Թեհրանը կխոսեն ու կքննարկեն հարցեր, կա՛մ էլ շատ վատ բաներ կկատարվեն Իրանի հետ։
«Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, նախընտրում եմ, որ մենք պայմանավորվենք Իրանի հետ: Բայց եթե հարցը չլուծենք, վատ, վատ բաներ կպատահեն Իրանի հետ», - նշել է ԱՄՆ նախագահը, որի նպատակն է թույլ չտալ Թեհրանին միջուկային զենք ստեղծել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի նամակը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին ներառում է երկամսյա վերջնաժամկետ՝ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար: Այդ մասին Axios-ին հայտնել են նամակի բովանդակության ծանոթ մեկ ամերիկացի պաշտոնյա և երկու աղբյուր:
Պարզ չէ՝ երկամսյա ժամկետը սկսվել է նամակի առաքման պահից, թե կսկսվի բանակցությունների մեկնարկից հետո։ Բայց եթե Իրանը մերժի Թրամփի առաջարկը և չբանակցի, ապա Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավորությունները կտրուկ կմեծանան:
Իրանի միջուկային ծրագիրն առաջընթաց է ապրել վերջին չորս տարիների ընթացքում, և երկիրն ավելի քան երբևէ մոտ է միջուկային զենք արտադրելուն: Նրա 60% հարստացված ուրանի պաշարները մինչև 90% հարստացվելու դեպքում բավարար են վեց միջուկային ռումբի ստեղծման համար, ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության: Իրանը հերքել է, որ միջուկային զենք է մտադիր ստեղծել:
Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը բացահայտել էր, որ նամակ է ուղարկել Իրանի առաջնորդին՝ առաջարկելով ուղիղ բանակցություններ վարել։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան»,- ասել էր նա։ Նամակը մի քանի օր առաջ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը փոխանցել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ Բին Զայեդին Աբու Դաբիում կայացած հանդիպման ժամանակ։ Հետո նամակն առաքվել է Թեհրան:
Քաջատեղյակ աղբյուրները նշում են, որ Թրամփի նամակը Խամենեիին «կոշտ» էր: Մի կողմից նա առաջարկել է բանակցություններ վարել նոր միջուկային համաձայնագրի շուրջ, բայց մյուս կողմից զգուշացրել է հետևանքների մասին, եթե Իրանը մերժի առաջարկը և շարունակի առաջ մղել իր միջուկային ծրագիրը: Նամակում Թրամփը նշել է, որ չի ցանկանում անվերջ բանակցություններ վարել և նշել է երկամսյա ժամկետ՝ գործարքի հասնելու համար, ասել են երկու աղբյուրներ։
Աղբյուրը՝ Tert.am