«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 25-ին iravaban.net-ը նյութ էր հրապարակել, որ ավելի քան 8 ամիս է, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, գործարար Տիգրան Խաչատրյանը կալանավորված է եւ պահվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Նրան մեղադրում են իր դուստր Մարինա Խաչատրյանի նախկին ամուսնու՝ Գարեգին Մուրադյանի եւ նրա հոր՝ Արամ Մուրադյանի սպանությունը պատվիրելու մեջ:
2024 թվականի հուլիսի 3-ին Խաչատրյանը միայնակ ժամանել է Մոսկվա եւ հանգրվանել քաղաքի հյուրանոցներից մեկում։ Օրեր անց՝ հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը, ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մոսկվայի Տվերսկայա փողոցի 28 տան մոտից բերման են ենթարկել նրան։ Նույն օրը նա ձերբակալվել է Ռուսաստանի Քննչական կոմիտեում գործը քննող քննիչի կողմից։
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Մարինա Խաչատրյանը ներկայումս աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում որպես դիվանագետ: Վերջինս դիվանագիտական աշխատանք է իրականացրել Լեհաստանում եւ Վրաստանում՝ կատարելով հյուպատոսի պարտականությունները, եւ տեւական ժամանակ է ահազանգում է իր ընտանիքի շուրջ կատարվող դեպքերի մասին, սակայն իրավապահ համակարգում քար լռություն է:
Եվ ահա, ԱԳՆ դիվանագետ Մարինա Խաչատրյանը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է. «Հորս մեղադրում են իմ նախկին ամուսնու ու նրա հոր սպանության նախապատրաստման համար։ Մենք ամուսնացած ենք եղել 10 տարի առաջ, ամուսնալուծությունից հետո ընդհանրապես չենք հանդիպել, չենք շփվել, ոչ մի ընդհանուր բան չունենք»։
Մարինա Խաչատրյանը պնդում է, որ նախկին ամուսնուց բաժանվել է 10 տարի առաջ՝ առանց թշնամության ու կոնֆլիկտների։ Մարինան փորձել է կապվել նախկին ամուսնու հետ, հասկանալու՝ ինչ է կատարվել, եւ արդյոք նա հավատացել է իր հասցեին հնչեցված մեղադրանքներին. «Ես ուզում էի լսել նրան, բայց ինքը չցանկացավ ինձ հետ խոսել»։
Տիգրան Խաչատրյանի ընտանիքը հետագայում է հասկացել, թե ինչու են այս իրադարձությունները տեղի ունենում իրենց հետ։ Նրանցից փորձել են գումար շորթել, իսկ գործարարի ձերբակալությունը կազմակերպել են՝ իրենց հանցավոր մտադրությունը իրագործելու համար։
ՌԴ-ում քննվող գործը հիմնված է երկու գաղտնի վկաների ցուցմունքների վրա, որոնց ինքնությունը հայտնի է Խաչատրյաններին։
«Որեւէ փաստական տվյալ գործում չկա, չկա ապացույց, որ Տիգրան Խաչատրյանը հանցանք է կատարել։ Կան ընդամենը անանուն անձանց կողմից հայտնած տեղեկություններ, ինչպես նաեւ մեր ողջամիտ կասկածը, որ այդ անանուն վկաները այստեղից են գործուղվել եւ ցուցմունք տվել Խաչատրյանի դեմ», – նշում է Խաչատրյանների ընտանիքի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սիմոնյանը։
Գաղտնի վկաներից մեկը, ըստ Մարինա Խաչատրյանի, իր մոր մանկության ընկերուհին է, ով որոշ ժամանակ անգամ իրենց տանն է բնակվել։
Երկրորդ գաղտնի վկան նույնպես ընտանիքին մոտ մարդ է եղել։ Նրա հետ կապված, մինչեւ ձերբակալությունը, առեղծվածային միջադեպ է տեղի ունեցել։ Մի օր նա Տիգրան Խաչատրյանին հրավիրել է սրճարան՝ սուրճ խմելու։ Տուն վերադառնալուց հետո սրճարանի աշխատակիցները կապվել են Խաչատրյանի հետ եւ հայտնել, որ նրան գաղտնի տեսաձայնագրել են։
Ըստ քրեական գործի՝ քննությամբ չպարզված ժամանակահատվածում, բայց ոչ ուշ, քան 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, Երեւանում Տիգրան Խաչատրյանն իբր հանցավոր դիտավորության իրականացման մեջ ներգրավել է մեկ այլ անձի, որը հետագայում ստացել է վկայի կարգավիճակ՝ «Ավետիսյան Ա.Ա.» կեղծանունով։ Վերջինս համաձայնել է մասնակցել սպանությանը 20.000 ԱՄՆ դոլար պարգեւատրման դիմաց՝ պարտավորվելով 80.000 ԱՄՆ դոլարի դիմաց գտնել մեկին, ով անմիջականորեն կիրականացնի սպանությունը։ Գաղտնի վկան, համաձայնելով մասնակցել սպանությանը, փաստացի տեղեկացրել է իրավապահ մարմիններին Տիգրան Խաչատրյանի առաջարկի մասին։ Այսինքն, Երեւանում սպանության պատվեր ստանալուց հետո նա ոչ թե դիմել է տեղի ոստիկանությանը, այլ մեկնել է ՌԴ ու այնտեղ, կոնկրետ ոստիկանական բաժնում, հաղորդում տվել հանցագործության մասին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 04․ 04․ 25 թ համարում։









