Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան երկրի նոր կառավարություն է ձևավորել՝ հայտարարելով նախարարների անունները։
Այս մասին հայտնել են արաբական լրատվամիջոցները։ Նախարարների ցանկում ներառված է մեկ քրիստոնյա կին՝ Հինդ Կաբուատը, որը զբաղեցրել է Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարի պաշտոնը։
Նոր կառավարության կազմում է նաև ալավի Յարուբ Բադրին, որը նշանակվել է տրանսպորտի նախարարի պաշտոնում, ինչպես նաև դրուզ Ամջադ Բադրին, որին վստահվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնը։Նոր կառավարությունում իրենց պաշտոնները պահպանել են Մուհարաֆ Աբու Կասրան՝ որպես պաշտպանության նախարար, և Ասադ աշ-Շեյբանին՝ որպես արտաքին գործերի նախարար:
Սիրիայի կառավարության ձևավորման վերաբերյալ հայտարարությունից հետո մի շարք երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Հորդանանը, Կատարը, Քուվեյթը, Պաղեստինը, Թուրքիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը և Նորվեգիան ողջունել են նոր կառավարության ձևավորումը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել Սիրիային համապարփակ, կայուն և բարգավաճ ապագա կերտելու գործում:
Մարտի 29-ի երեկոյան Դամասկոսի Ժողովրդական պալատում նոր կառավարության կազմը հայտարարելու արարողէության ժամանակ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան իր ելույթում նշել է, որ Սիրիայի նոր կառավարության ձևավորումը նոր պետություն կառուցելու ընդհանուր կամքի հռչակումն է։
Նա նաև հավելել է, որ Սիրիան բախվում է մեծ մարտահրավերների, որոնք պահանջում են համախմբվածություն և միասնություն:Աշ-Շարաան ընդգծել է, որ նոր կառավարության առաջնահերթությունը կոռուպցիայի դեմ պայքարն է։ Նա հավելել է, որ կառավարությունը կձգտի վերակառուցել պետական ինստիտուտները՝ հիմնված հաշվետվողականության և թափանցիկության վրա, ինչպես նաև կձգտի նոր հորիզոններ բացել կրթության և առողջապահության ոլորտում:
Սիրիայի նախագահը շեշտել է կառավարության առաջնահերթությունն ազգային բանակ ստեղծելու ուղղությամբ՝ Սիրիայի անվտանգությունը պահպանելու համար:
Սիրիայի նոր կառավարության կազմում ընդգրկվել է 23 նախարար։ Թեև կառավարությունում ընդգրկվել են Սիրիայի տարբեր էթնիկ և աղանդավորական համայնքների ներկայացուցիչներ, այնուամենայնիվ, առանցքային պորտֆելները բաժին են հասել աշ-Շարաային մոտ կանգնած և «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման հետ կապված անձանց։