Վեներան, որը հաճախ ընկալվում է՝ որպես անշունչ դժոխք, կարող է գաղտնիքներ պահել ծայրահեղ պայմաններում կյանքի ծագման և գոյատևման համար: Գիտնականների միջազգային խումբն առաջարկել է հավասարում, որը կարող է գնահատել այս տաք մոլորակի վրա կյանքի գոյության հավանականությունը: Այս մասին գիտնականները հայտնել են «Լուսնի և մոլորակային գիտությունների կոնֆերանս 2025-ում» (LPSC):
Հետազոտողների կողմից մշակված Վեներայի վրա կյանքի հավասարումը հիմնված է երեք հիմնական գործոնների վրա՝ առաջացման հնարավորություն, կայունություն և շարունակականություն: Այս պարամետրերը օգնում են գնահատել, թե արդյոք կյանք կարող էր առաջանալ, որքանո՞վ էր այն բազմազան, և արդյոք այն ուներ բավարար ռեսուրսներ գոյատևելու համար:
Թեև Վեներան ենթարկվել է կլիմայի կտրուկ փոփոխությունների, գիտնականները կարծում են, որ օվկիանոսներ և նույնիսկ պարզունակ կյանքի ձևեր կարող էին գոյություն ունենալ այնտեղ միլիարդավոր տարիներ առաջ: Ավելին, 50 կմ բարձրության վրա գտնվող Վեներայի ամպերում պայմանները դեռ մնում են համեմատաբար բարենպաստ։
Ինչպես հայտնի Դրեյքի հավասարումը, որը գնահատում է խելացի քաղաքակրթությունների գոյության հավանականությունը, նոր հավասարումը հիմնված է բազմաթիվ անհայտների վրա։ Այնուամենայնիվ, այն արդեն օգնում է գիտնականներին կատարելագործել ապագա առաքելությունների և կյանքի որոնման պարամետրերը ոչ միայն Վեներայի, այլ նաև այլ աստղային համակարգերի էկզոմոլորակների վրա: