Foto

Իրանը պատասխանել է Թրամփի նամակին

Իրանը պաշտոնական պատասխան է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակին։ Այդ մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Նրա խոսքով՝ ուղերձը փոխանցվել է Օմանի միջնորդությամբ։

«Թրամփի նամակին պաշտոնական պատասխան է ուղարկվել երեկ՝ համապատասխան ձևով Օմանի միջնորդությամբ», - ասել է դիվանագետը։

Ըստ Արաքչիի, պատասխանը երկու փաստաթուղթ է պարունակում. Առաջինում ուրվագծվում են Թեհրանի տեսակետները աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ, իսկ երկրորդում ամբողջությամբ վերլուծվում ու մեկնաբանվում են Թրամփի նամակում պարունակվող թեզերը։

Ուղերձի բովանդակությունը չի բացահայտվել, սակայն Արաղչին հատուկ ընդգծել է, որ Թեհրանը կշարունակի հրաժարվել ուղիղ շփումներից, երբ իր վրա ճնշում է գործադրվում, սակայն միջնորդների մասնակցությամբ բանակցությունները կարող են շարունակվել։

Մարտի 7-ին Թրամփը իր Truth Social սոցցանցի էջում գրել էր, որ ուղերձ է հղել Խամենեին՝ առաջարկելով բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Իրանի առաջնորդը, մեկնաբանելով Ամերիկայի նախագահի այս հայտարարությունը, ընդգծել է, որ իր երկիրը երկխոսության չի գնա ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը մտածում է միայն իր շահերի մասին։

աղբյուրը՝ politik.am