Ֆրանսիացի կինոաստղ Ժերար Դեպարդյոն հայտնել է կինոարվեստում գործունությունն ավարտելու մասին: Ինչպես գրում է Daily Mail-ը, 76-ամյա դերասանը հայտարարությունն արել է Փարիզի ուղղիչ դատարանում իր դեմ քրեական դատավարության երկրորդ օրը: Դեպարդյոն մեղադրվում է երկու կնոջ նկատմամբ սեռական ոտնձգության համար, նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:
«Կարծում եմ՝ իմ ժամանակն ավարտվել է: Կինոն այլևս ինձ համար չէ. Գալիս է մի պահ, երբ դու ստիպված ես կանգ առնել, իսկ ես կանգ եմ առնում», - ասել է նա:
Դեպարդյոն նաև պնդել է, որ ինքը «չափազանց ծեր և գեր է, որպեսզի նկարահանման հրապարակում որևէ մեկի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարի»:
«Ես չեմ պատրաստվում որևէ մեկի հետույքին կամ կրծքին դիպչել ո՛չ նկարահանման հրապարակում, ո՛չ որևէ այլ տեղ», - ասել է նա:
Դեպարդյոն դատարանի առջև է կանգնել 2021-ին ֆիլմի նկարահանման ժամանակ երկու կնոջ նկառմամբ սեռական բնույթի ոտնձգություն կատարելու մեղադրանքով: Կինոաստղը մեղադրվում է Les Volets Verts ֆիլմի 54-ամյա զգեստների ձևավորողի և 34-ամյա ռեժիսորի օգնականի նկատմամբ նկարահանման հրապարակում ոտնձգություն կատարելու համար:
Դատախազները պնդում են, որ խոսքն անպարկեշտ արտահայտությունների և անպատշաճ հպումների մասին է: Երկու կանայք էլ պաշտոնական բողոքներ են ներկայացրել: Դերասանը հերքում է մեղադրանքը։
2023 թվականի հոկտեմբերին Le Figaro-ում հրապարակված բաց նամակում Դեպարդյոն գրել էր. «Ես երբեք բռնության չեմ ենթարկել կնոջը»։ Դատավարությունն ի սկզբանե նախատեսված էր 2024 թվականի հոկտեմբերին, սակայն հետաձգվել էր՝ Դեպարդյոյի առողջական վիճակի պատճառով։ Այժմ սպասվում է, որ նա կմասնակցի երկօրյա դատական նիստին:
Սա առաջին դեպքը չէ, երբ Դեպարդյոն՝ Ֆրանսիայի ամենահայտնի կինոդերասաններից մեկը, մեղադրվում է սեռական ոտնձգությունների համար։ Նախկինում շուրջ 20 կին նրան մեղադրել են ոչ պատշաճ վարքի համար, սակայն դերասանը դատարանի առաջ չի կանգնել։ Որոշ գործեր կարճվել են ապացույցների բացակայության կամ վաղեմության ժամկետի պատճառով: Սպասվում է, որ դատարանը դատաքննության ընթացքում կլսի վկաների ցուցմունքները: