Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև երկխոսության վերսկսման հեռանկարներ այժմ չկան, գոյություն ունի միայն «թեժ կապի ալիք»՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանով: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն Izvestia թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ես այս պահին ոչ մի հեռանկար չեմ տեսնում։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրաժարվել են Ռուսաստանին որպես գործընկեր դիտարկել նույնիսկ այն ոլորտներում, որտեղ մեր շահերն օբյեկտիվորեն համընկնում են, օրինակ՝ ահաբեկչության դեմ պայքարում», - ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:
Նա նշել է, որ «այսօր նրանք Ռուսաստանը նշել են որպես ուղղակի եւ անմիջական սպառնալիք ՆԱՏՕ-ի երկրների համար։ Իսկ իրենց ռազմական քաղաքականությունն ու բանակաշինության գործընթացը վարում են այնպես, որ ռազմական գործողությունների բոլոր թատերաբեմերում, բոլոր, ինչպես իրենք են ասում, գործառնական միջավայրերում՝ տիեզերքում, օդում, ցամաքում, ծովում, կիբեռտարածքում մեր նկատմամբ գերազանցության հասնեն»։
«Մենք տեսնում ենք, որ նրանք ռազմական առումով Եվրոպայի ավելի վաղ ամենահանգիստ տարածաշրջանը՝ Բալթյան տարածաշրջանը, վերածում են ռազմական դիմակայության գոտու։ Ասեմ միայն, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի տարածքում 32 ռազմական օբյեկտ է հատկացվել ամերիկյան ռազմական ուժերի տեղակայման համար։ Այս ամենը նոր իրողություն է, որը հակասում է այն ամենին, ինչ դրված էր Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտում եւ այլ փաստաթղթերում, որոնք կոչված էին միավորել ջանքերը ընդհանուր սպառնալիքների դիմակայման գործում եւ միաժամանակ զբաղվել սառը պատերազմի հետեւանքների վերացմամբ», - ասել է Գրուշկոն։
«ՆԱՏՕ-ին կից մեր ներկայացուցչությունը փակվել է, քանի որ ՆԱՏՕ-ականները անհնարին են դարձրել դրա հետագա գործունեությունը։ Եվ հիմա գոյություն ունի միայն թեժ կապի ալիք ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի հետ, որը մեր կողմից ապահովվում է Բելգիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը։ Այն դեռ գործի չի դրվել, բայց մենք պաշտոնապես այդ մասին տեղեկացրել ենք դաշինքի ղեկավարությանը։ Նրանք գիտեն՝ որտեղ զանգահարել անհրաժեշտության դեպքում», - եզրափակել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։