Foto

Երկու երկրների Սահմանադրությունը փորձաքննության ուղարկելը Ցեղասպանության հարցով հանձնաժողով ստեղծելուն է նման

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ երբ իրենք այսպես կոչված խաղաղության պայմանագրի վերջին երկու կետերի հետ համաձայնել են, իմացել են թե ինչ է լինելու դրանից հետո։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ադրբեջանի կողմից նոր նախապայմաններ առաջ քաշելուն։ Ըստ Սիմոնյանի՝ Ադրբեջանի բոլոր մտավախությունները փարատող լուծումներ կան այդ պայմանագրում, իսկ եթե չկան, ապա պատրաստ են քննարկումների։ «Պատրաստ ենք քննարկել, հասկանալ Հայաստանի Սահմանդրության մեջ, իրոք, տարածքային պահանջներ կա՞ն, թե՞ չկան։ Արդյո՞ք իրենց Սահմանադրության մեջ տենց բա՞ն, թե՞ չկա։ Եվ, վերջիվերջո, այդ հարցը ո՞նց է լուծվելու․․․ Վերջիվերջո կարող ենք փորձաքննության ուղարկել երկու երկրների Սահմանադրությունները՝ պարզելու արդյո՞ք այդ պնդումներնն իրականության հետ աղերս ունե՞ն, թե՞ ոչ»,-հայտարարեց Սիմոնյանը։

Ստացվում է, որ ԱԺ նախագահը, ով խորհրդարանական երկրում ՀՀ Սահմադրության անձեռնմխելիության համար ամենշատը պետք է անհանգստանա, պատրաստ է Ադրբեջանի հետ քննարկել, թե՞ որ կետն է թշնամու համար խնդրահարույց և որը՝ ոչ։

Սա ուղիղ թույլտվություն է Ադրբեջանին՝ խառնվել ՀՀ ներքին գործերին, սա Մայր օրենքը թշնամու պարտադրանքով փոփոխության ենթարկել է և Սիմոնյանի խոսքերը կարելի է ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին։

Մյուս դիտարկումը՝ թե մենք նախապես գիտեինք, որ այդ պայմաններն ընդունելուց հետո նորերն էին առաջ քաշվելու, բայց ընդունեցինք, կարծես ծաղր լինի ՀՀ քաղաքացիների և միջազգային հանրության համար։ ԱԳՆ-ն հայտարարում է, որ վերջ, պատրաստ է, կարող եք մեզ շնորհավորել, տարբեր երկրների ղեկավարներ ողջունում են ձեռք բերված պայմանվարվածությունը՝ հետո հայտարարում են, թե գիտեինք, որ պայմանավարվածություն չի լինելու և փաստացի չկա։ Դրանից հետո այլ երկրներն ինչպես հիմք ընդունեն ՀՀ ԱԳՆ հայտարարությունները։ Գուցե դրանից է, որ իշխանության «կիրթ և կառուցողական գործընկերը» հայտարարում է, թե ՀՀ իշխանության նկատմամբ զրո վստահություն ունի։

Իսկ ամենածանրակշիռն այն է, որ ԱԺ նախագահն առաջարկում է փորձաքննության ուղարկել ՀՀ Սահմանդրությունը, որ Ադրբեջանի կասկածները փարատվեն։ Սա նույն է, որ ցեղասպանության հարցով պատմաբանների խումբ ստեղծվի։ Ավելի դիպուկ համեմատում անգամ չկա։ Սահմանդրությունը ՀՀ-ի գոյության, կայացման փաստաթուղթն է։ Ալեն Սիմոնյանը դժվար համաձայնի փորձաքննության ենթարկել իր անձագիրը։ Նա հավանաբար կպնդի, որ անունը, ազգանունը, հայրանունը և բնակության հասցեն փաստեր են և դրանք չեն վիճարկվում, որ փորձաքննությամբ ինչ-որ բան փոխեն։ Դժվար որևէ մեկի հետ քննարկի օրինակ՝ իր հայրանունը, կամ նման հարցը քննարկման առարկա դարձնի։ Հիմա ՀՀ Սահմանդրության հետ իշխանությունը նույն կերպ է վարվում, երբ առաջարկում է Սահմանադրության որևէ դրույթ քննարկել Ադրբեջանի հետ։ Սա պարզապես նշանակում, որ կա՛մ ազագանունը, կա՛մ հայրանունը կարելի է վիճարկել։ Իսկ արդյո՞ք ՀՀ քաղաքացին Ադրբեջանին իր համար Սահմանդրություն գրելու մանդատ է տվել կամ գործող իշխանությանը մանդատ տալիս հաշվի է առել, որ իր մայր օրենքը մի օր քննարկվելու է թշնամի պետության ղեկավարության հետ, իսկ անհրաժեշտության դեպքում փորձաքննության է ենթարկվելու։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան