Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա տենդով վարակման լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 54-ով՝ հասնելով 1460-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կապի և զանգվածային լրատվամիջոցների նախարարության տեղեկագիրը:
Էբոլայից մահացածների թիվը հասել է 447-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 9-ով: Մահացության ցուցանիշը 30,6% է:
Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում գտնվում է 595 հիվանդ: Լիովին ապաքինվել է 213 մարդ: Շփումների հսկման մակարդակը հասել է 82,7%-ի:
Կոնգոյի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ հուլիսի 2-ին սկսել են էբոլա վիրուսի բունդիբուջիո տարատեսակի դեմ բժշկության պատմության մեջ առաջին դեղերի կլինիկական փորձարկումները։ Հենց այս տարատեսակն է ներկայիս բռնկման պատճառը: Փորձարկվում են երեք հակավիրուսային դեղամիջոցներ: Դրանք պատվաստանյութեր չեն և նախատեսված են օրգանիզմում վիրուսի ուղղակի ճնշման և ոչնչացման համար:
Էբոլայի ներկայիս բռնկումը սկսվել է մայիսի 15-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում և Ուգանդայում: Բռնկման էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում:









