Foto

Նման խոսակցությունների մասին չեմ լսել. Ավինյանը` Ալեն Սիմոնյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հրապարակումների մասին

Երևանի քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ Ազգային ժողովի ղեկավար կազմի ընտրությունները տեղի են ունեցել կուսակցության ժողովրդավարական ավանդույթներին համապատասխան։ «Կարծում եմ՝ դա մեր կուսակցության լավագույն ավանդույթների դրսևորմամբ ձևավորված խորհրդարանական ղեկավարություն է։

Մեզ մոտ բոլոր ընտրություններն իրականացվում են ամենաժողովրդավարական մեթոդներով, և սա էլ բացառություն չի եղել։ Մենք կատարել ենք քվեարկություն»,- ասաց Ավինյանը՝ չբացահայտելով, թե ում է ընտրել ինքը։ Անդրադառնալով Ազգային ժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի ընտրությանը՝ նա նշեց, որ կուսակցության համար ընդունելի են այն բոլոր որոշումները, որոնք կայացվել են ժողովրդավարական ընթացակարգով։ Հարցին, թե ինչու ԱԺ գործող նախագահ Ալեն Սիմոնյանը չընտրվեց թեկնածուի պաշտոնում, Ավինյանը պատասխանեց, որ դա կուսակցության ներքին ընտրության արդյունք է։

«Ալեն Սիմոնյանը, վստահորեն, Ազգային ժողովի շատ լավ նախագահ է եղել։ Դա արդեն կուսակցության ներքին ընտրության հարցն է եղել»,- նշեց նա։ Ավինյանը նաև արձագանքեց մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե 2028 թվականի Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու կարող է առաջադրվել Ալեն Սիմոնյանը։ Նա ասաց, որ նման խոսակցությունների մասին չի լսել։

Հարցին, թե ինքը մտադրություն ունի՞ 2028 թվականին կրկին առաջադրվել Երևանի քաղաքապետի թեկնածու, Ավինյանը պատասխանեց․ «2028 թվականի ընտրություններին դեռևս երկու տարի կա, և կարծում եմ՝ մեր կուսակցությունը կհավաքվի և որոշում կկայացնի, թե մենք ինչ ենք անելու»։