Foto

Երևանի «բարեփոխված» տրանսպորտը՝ թալան, քաոս և քաղաքացիների հարկադիր վճարումներ․ Սոնա Աղեկյան

Երևանի «բարեփոխված» տրանսպորտը՝ թալան, քաոս և քաղաքացիների հարկադիր վճարումներ
Երևանի նոր տրանսպորտային համակարգը, որը ներկայացվում էր որպես «հարմարավետ» և «արդյունավետ» բարեփոխում, գործնականում վերածվել է թալանչիական մեխանիզմի, որն ավելի շատ խնդիրներ է ստեղծել քաղաքացիների համար, քան լուծել։ Քաղաքապետարանը, փոխանակ բարելավեր երթևեկության պայմանները, ստեղծել է մի համակարգ, որտեղ մարդիկ ստիպված են կամ վճարել թանկ սակագնով, կամ ենթարկվել տուգանքների։
Ֆինանսական հաշվարկների թաքցված թակարդը
Համաձայն պաշտոնական տվյալների, ուղևորահոսքից հավաքագրվել է երկու ու կես միլիարդ դրամ, ընդ որում՝ այդ գումարի 71%-ը հիմնական փաթեթներից է ստացվել։ Սա նշանակում է, որ մարդկանց մեծամասնությունը պարզապես ստիպված է եղել վճարել այս համակարգում տեղավորվելու համար, այլ ոչ թե այն ընտրել։
Հատկանշական է, որ քաղաքային իշխանություններն անընդհատ մատնանշում էին սոցիալական աջակցություն տրամադրելու մտադրությունը, սակայն անվճար երթևեկողների թիվը կազմում է ընդամենը 22%՝ այն էլ 29%-ի շրջանակներում։ Այսինքն, խոստացված սոցիալական քաղաքականությունը ակնհայտորեն կիսատ է, և շատ քաղաքացիներ այդպես էլ չեն օգտվում «հեշտացված» պայմաններից։
Խնդիրների անվերջ շղթա՝ կանգառից մինչև խցկվածություն
Տրանսպորտային «բարեփոխման» ամենացավալի հետևանքներից մեկն այն է, որ քաղաքացիները ստիպված են ժամերով սպասել կանգառներում, քանի որ երթուղայինների և ավտոբուսների քանակը չի բավարարում ուղևորահոսքին։ Անգամ եթե մարդիկ կարողանում են օգտվել այս նոր համակարգից, ապա ստիպված են լինում կանգնել խցկված ու անհարմար պայմաններում, քանի որ փոխադրամիջոցները հաճախ գերբեռնված են։
Ավելին, քաղաքային իշխանությունները չեն ապահովել հարմարավետ կանգառասրահներ, ինչը նշանակում է, որ մարդիկ դեռ կանգնում են անձրևի, արևի ու ձյան տակ՝ առանց նվազագույն պայմանների։ Սա այն դեպքում, երբ բարեփոխումը իբրև թե նպատակ ուներ բարելավել քաղաքային երթևեկությունը։
Տուգանքներ՝ որպես պարտադրված վճարում
Որպես այս ամբողջ խնդրահարույց համակարգի «մեխ», քաղաքապետարանը սկսել է տուգանել քաղաքացիներին, եթե նրանք #բոյկոտում են։
Փաստացի, մարդիկ կամ պետք է վճարեն թանկ և անհիմն սակագնով, կամ ենթարկվեն տուգանքների։ Այս իրավիճակը ավելի շատ հիշեցնում է հարկադիր վճարումների մեխանիզմ, քան արդար տրանսպորտային քաղաքականություն։
Ի՞նչ անել այս իրավիճակում
Ակնհայտ է, որ այս համակարգը չի լուծել ոչ մի հիմնարար խնդիր։ Ընդհակառակը՝ այն դարձել է ավելորդ ֆինանսական բեռ քաղաքացիների համար, որոնք ստիպված են վճարել ավելի շատ, բայց փոխարենը չեն ստանում համապատասխան որակի ծառայություն։
Հասարակական դժգոհությունը գնալով աճում է, և հարկ է ճնշման միջոցով ստիպել վերանայել այս թալանչիական մոտեցումը։ Ժամանակն է, որ հասարակությունը բարձրաձայնի իր դժգոհությունը և պահանջի իրական բարեփոխումներ, այլ ոչ թե քաղաքային բյուջեն լցնելու նպատակով արված կեղծ փոփոխություններ՝ թալան ու տուգանք։