SHAMSHYAN.com-ի տեղեություններով՝ մարտի 6-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները մարտի 6-ին ժամը 15։35-ի սահմաններում Միկոյան-Մինսկի փողոցների խաչմերուկից թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով հանդերց ձերբակալել և Երևանի քրեական վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչներ 58-ամյա Մուրադ Տ․-ին, 44-ամյա Սահակ Կ․-ին և 46-ամյա Տիգրան Չ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում Տիգրան Չ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 7,5 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ, իսկ Սահակ Կ․-ի խուզարկությամբ հայտնաբերվել է 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ և 5 հատ «Մեթադոն» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ գույնի հաբեր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Սահակ Կ․-ն հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, որը իր օգտագործման համար է։
Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորքի վարչական շրջանների քննչական բաժին: