Foto

Գիտնականները պարզել են՝ ինչն է օգնում ապրել մինչև 100 տարեկան

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե առողջության որ ցուցանիշները կարող են օգնել մեզ հասնել հարյուրամյա տարիքի: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծահասակների մոտ գլյուկոզի, կրեատինինի և միզաթթվի ցածր մակարդակը զգալիորեն մեծացնում է հարյուր տարի ապրելու հավանականությունը: Աշխատանքը հրապարակվել է GeroScience ամսագրում:

Հետազոտությունն ընդգրկել է 64-99 տարեկան 44 հազար շվեդների տվյալները, որոնք 35 տարի շարունակ գտնվել են հսկողության տակ: Այդ թվից 1224 մարդ ապրել է մինչև 100 տարեկան։

Հետաքրքիր է, որ երկարակյացների մեծ մասը (85%) կանայք էին։ Գիտնականները վերլուծել են 12 բիոմարկեր, որոնք կապված են բորբոքման, նյութափոխանակության, լյարդի և երիկամների ֆունկցիայի, ինչպես նաև սննդային վիճակի և սակավարյունության հետ: Դրանց թվում են գլյուկոզայի, կրեատինինի, միզաթթվի, ընդհանուր խոլեստերինի և այլ ցուցանիշների մակարդակները։

Պարզվել է, որ մինչեւ 100 տարեկան մարդկանց մոտ 60 տարեկանից նկատվել է գլյուկոզայի, կրեատինինի եւ միզաթթվի կայուն ցածր մակարդակ։ Ընդ որում, հարյուրամյա դառնալու հավանականությունը նվազել է գլյուկոզայի և կրեատինինի բարձր մակարդակի դեպքում: Երկարակեցության ամենացածր հավանականությունը եղել է միզաթթվի բարձր ցուցանիշ ունեցող մարդկանց մոտ։ 

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ չնայած ցուցանիշների համեմատաբար փոքր տարբերություններին, նյութափոխանակության վիճակի, սննդի եւ երկարակեցության միջեւ կապը հստակ երեւում է:

Չնայած գենետիկան և պատահականությունը նույնպես դեր են խաղում, գլյուկոզի, միզաթթվի և կրեատինինի նորմալ մակարդակի պահպանումը կարող է լինել երկար և առողջ կյանքի բանալին: