Foto

Բացահայտվել է ուղեղի արագ ծերացման պատճառը

Նույնիսկ ճարպային սննդի կարճ ընդունումը կարող է առաջացնել ուղեղի բորբոքում և վատթարացնել հիշողությունը տարեց մարդկանց մոտ: Ճարպային դիետայի ընդամենը երեք օրը հանգեցնում է ճանաչողական խանգարումների, ընդ որում՝ առանց քաշի ավելացման և նյութափոխանակության այլ փոփոխությունների, հայտնում է ScienceDaily-ն:

Օհայոյի պետական համալսարանի գիտնականները ուսումնասիրել են՝ ինչպես է ճարպերով հարուստ սնունդը ազդում մարմնի վրա: Նրանք երիտասարդ և տարեց առնետների խմբերին կերակրել են 60 տոկոս ճարպ պարունակող սննդով, մոտավորապես նույն տոկոսը հանդիպում է բուրգերներում:

Ինչպես և սպասվում էր, երեք ամիս անց բոլոր առնետների մոտ նյութափոխանակության հետ կապված խնդիրներ են առաջացել, աղիքներում բորբոքում և միկրոֆլորայի կազմի փոփոխություններ: Սակայն ամենաանսպասելին տեղի է ունեցել տարեց կենդանիների ուղեղում։

Փորձի երրորդ օրը նրանց մոտ սկսել են վատթարանալ հիշողությունը եւ ճանաչողական ֆունկցիաները։ Ուղեղի անալիզը ցույց է տվել, որ յուղոտ սնունդը բորբոքում է առաջացրել և խաթարել է նյարդային բջիջների աշխատանքը: Երիտասարդ առնետները նման խնդիրների չեն բախվել․ նրանց օրգանիզմն ավելի լավ է հաղթահարել բորբոքումները:

Հետազոտության արդյունքներն ընդգծել են՝ որքան կարևոր է հասուն տարիքում ճիշտ սնվելը: Այժմ գիտնականները նախատեսում են ուսումնասիրել՝ արդյոք հնարավոր է հատուկ դեղամիջոցների կամ սննդակարգի միջոցով նվազեցնել ուղեղի համար ճարպային սննդի վնասը: