Foto

Թուրքիան արգելափակել է Իսրայելի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժությանը

Իսրայելի արտգործնախարարության աղբյուրներին հղում տալով՝ մամուլը գրում է, որ Թուրքիան արգելափակել է Իսրայելի մասնակցությունը ՆԱՏՕ-ի տարեկան զորավարժությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիան մասնավորապես խոչընդոտել է Իսրայելի մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Կայունություն և արտակարգ իրավիճակների պատրաստվածություն» խորագրով տարեկան զորավարժությանը։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի որոշումները սովորաբար կոնսենսուս են պահանջում, և առանց Իսրայելի հետ ակտիվ գործընկերային համաձայնագրի հնարավոր չէ Թուրքիային պարտադրել թույլ տալ Իսրայելի մասնակցությունը դաշինքի պաշտոնական գործունեությանը։


Իսրայելի պաշտոնական շրջանակները Թուրքիային մեղադրել են վետոյի իրավունքը որպես քաղաքական գործիք օգտագործելու մեջ։

«Թուրքիայի այս դիրքորոշումը թուլացնում է տարածաշրջանային համագործակցությունը և ՆԱՏՕ-ի՝ գլոբալ մարտահրավերներին դիմակայելու կարողությունը»,- ասել է անանուն պաշտոնյան։


Ad by NATIVE NETWORK

Ըստ նրա՝ Թուրքիան վետոյի իրավունքը կիրառում է ռազմավարական գործընկերություններին վնաս հասցնելու ձևով։ Իսրայելի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության արգելափակումն անհնար է դարձնում կայունության ապահովումը և հակասում է դաշինքի հիմնարար արժեքներին։

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Գազայի պատերազմից ի վեր Թուրքիան մշտապես խոչընդոտել է ՆԱՏՕ-Իսրայել համագործակցությանը և պնդել, որ դաշինքը չպետք է համագործակցի Իսրայելի հետ, քանի դեռ հակամարտությունը շարունակվում է։ Նախկինում Անկարան փորձել էր անգամ կանխել Իսրայելի՝ ՆԱՏՕ-ում դիտորդի կարգավիճակ ձեռք բերելու փորձերը։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ դաշինքը չի կարող շարունակել իր գործընկերությունը Իսրայելի կառավարության հետ։ Դրան ի պատասխան, Իսրայելի այն նախկին արտգործնախարար Իսրայել Կացը կոչ էր արել ՆԱՏՕ-ից հեռացնել Թուրքիային։