Երեկ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, Էր-Ռիադում ամերիկյան կողմի հետ հանդիպումից հետո,
ասուլիս տվեց ու հայտարարեց, որ քննարկել են նաև բոլոր ռազմական կոնֆլիկտներում երկու
կողմերի մեջ նախկինում եղած բանակցային ֆորմատների վերականգնումը:
ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը միջնորդ էր Արցախի հարցի
կարգավորման բանակցային գործընթացում, այդ ֆորմատներից ամենաշատը գոյություն ունեցավ:
Այն դադարեց ակտիվ գործել միայն այն բանից հետո, երբ ռուս-ուկրաինական բախման հետևանքով
խզվեցին Ռուսաստանի և Միացյալ
Նահանգների միջև գրեթե բոլոր դիվանագիտական շփումները:
Հիմա հասկանալի է դառնում,
թե ինչո՞ւ է Ալիևը այդքան համառորեն պահանջում Մինսկի խմբի լուծարումը և ինչո՞ւ է Նիկոլ
Փաշինյանը պատրվակներ հորինում, որպեսզի կատարի Իլհամի պահանջը:
ԵԱԿՀ ՄԽ աշխատանքների հնարավոր
վերսկսումը կարող է շատ տհաճ անակնկալ լինել Ալիևի ու Փաշինյանի համար, ովքեր միջնորդների
բացակայության պայմաններում կարողացել են տարածաշրջանում այնպես խաթարել աշխարհաքաղաքական
հավասարակշռությունը, որ դա հիմա բացառապես ձեռնտու է Թուրքիային: Բոլոր մյուս դերակատարները
կա՛մ ստիպված են դեռևս հանդուրժել այս արհեստական դասավորվածությունը, կա՛մ հարմար
առիթ են փնտրում՝ «հանգստացնելու» այս արկածախնդիր դեսպոտիկներին:
Իհարկե, Թուրքիան հենց այնպես
չի հրաժարվի իր համար այդքան շահեկան դասավորվածությունից՝ ակտիվ ներկայություն Ադրբեջանի
ներքին և արտաքին քաղաքականության մեջ, Սիրիայում, Լիբանանում և Պաղեստինում: Ավելին,
նա Զելենսկու միջոցով կփորձի միջնորդական գործառույթներ ստանալ նաև Ուկրաինայի հարցում,
կհիշեցնի Ղրիմի պատկանելության մասին և այլն:
Տեսականորեն հնարավորև է,
որ բազմաբևեռ աշխարհի նոր գծագրվող քարտեզի հիմնական «խմբագիրները» Թուրքիայի համար
գտնեն համապատասխան «գույնը», սակայն դա մեծապես կախված է նրանից, թե ինչպես կվարվեն
Փաշինյանն ու Ալիևը: Չմոռանանք, որ հենց նրանց «անմիջնորդ» բանակցությունների ընթացքում
լույս աշխարհ եկավ Ալմա Աթայի հռչակագիր, ծնվեց Պրահայի հայտարարությունը, որոնց ենթատեքստում
հնարավոր դարձավ Արցախի բռնի հայաթափումը և ռուս խաղաղապահների հեռացումն Արցախի տարածքից: