Մոսկվան պատրաստ է աջակցություն ցույց տալ Թեհրանին այն խնդիրների լուծման հարցում, որոնք կապված են իրանական միջուկային ծրագրի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը IRNA գործակալությանը տված հարցազրույցում։
«Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ լավ հարաբերություններին և մտադիր է համակողմանիորեն զարգացնել դրանք՝ այդ թվում օգնություն ցույց տալ կարևորագույն խնդիրների լուծման հարցում, ներառյալ միջուկային ծրագիրը», - նշել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։
«Մենք համոզված ենք, որ բանակցային գործընթացի բոլոր մասնակիցների կողմից քաղաքական կամքի առկայության դեպքում Իրանի միջուկային ծրագրի հարցը կարող է և պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով», - նշել է Պեսկովը հարցազրույցում։
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրանական միջուկային ծրագիրը, սակայն դա չի եղել քննարկման գլխավոր թեման։ Հիմնական ուշադրությունը նվիրվել է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնմանը, հավելել է նա։
Պեսկովի խոսքով՝ ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկը ոչ մի ազդեցություն չի ունենա Մոսկվայի և Թեհրանի հետագա համագործակցության վրա։
Փետրվարի 10-ին Թրամփը հայտարարել էր, որ Իրանին կարելի է հետ պահել միջուկային զենք ստեղծելուց կա՛մ ռումբերի, կա՛մ համաձայնագրի ստորագրման միջոցով։ ԱՄՆ ղեկավարը հավելել էր, որ կցանկանար գործարք կնքել իսլամական հանրապետության հետ և չընտրել ռազմական ճանապարհը:
Աղբյուր Politik.am