Այսօր
փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնում՝
հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնել՝
պահանջելով ՀՀ կառավարությունից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և «Հայաստանի
Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը
ՀՀ ազգային ժողով ուղարկելու միջոցով՝ փաստաբանական գործունեություն համարվող ծառայությունների
մատուցումը, անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը
ազատել ավելացված արժեքի հարկից: Ակցիային միացել է նաև փաստաբան Սոս Հակոբյանը,
ում թեմայի վերաբերյալ հարցեր է ուղղել Vesti.am-ը։
_ Պարո՛ն Հակոբյան, միացե՞լ եք գործադուլին,
եթե այո՝ ապա ի՞նչ ակնկալիքներով։
-
Միացել եմ, երկու դատական նիստ ունեի, ուրբաթ օրը դատավորների
զգուշացրել էի գործադուլին մասնակցելու մասին։ Էապես բարձրացվել է հարկային շեմը։ Մինչ
այս մենք և բազմաթիվ այլ ոլորտներ իրավունք ունեինք աշխատել 5 տոկոս շրջանառության
հարկով՝ պարզեցած ընթացակարգով և ավելի թեթև հարկային բեռով, եթե խոշոր ընկերության
մասին չէ խոսքը։ Գաղտնիք չէ, որ փաստաբաններն աշխատում են կա՛մ անհատական, կա՛մ փոքր
գրասենյակներով։ Հիմա, երբ մեզ տեղափոխեցին ընդհանուր հարկային ռեժիմ այն դարձավ 20 տոկոս ԱԱՀ և 18 տոկոս շահութահարկ։
Քանի որ փաստաբանական ծառությունն արտադրություն չէ, ծառայությունների նվազեցումներ
չես կարող անել և տարիներով տևող գործերի համար ստիպված ես լինելու թանկացնել մատուցվող
ծառայության գինը։ Դրանից, բնականաբար, չեն շահում ոչ՛ քաղաքացիները, ո՛չ փաստաբանները։
Արդեն տեղի է ունենում գների անհամաչափ թանկացում։
Երկրորդ շատ կարևոր հանգամանքն
այն է, որ օրենսդրական փոփոխությունն այլևս արգելում է pro bono` անվճար փաստաբանական
ծառայություններ, մատուցելը։ ՀՀ-ում շատ փաստաբաններ այդ ծառայությունը մատուցում էին
իրենց ծանոթ-բարեկամներին, դրա կարիքն ունեցող քաղաքացիներին։ Սա այլևս մեզ օրենսդրորեն
արգելված է և սրա համար ռեֆորմը նախաձեռնող ֆինասների նախարարությունից ադեկվատ բացատրություն
չկա։ Կարծում եմ, որ բացարձակ պատկերացում
և գիտելիք չկա ոլորտի վերաբերյալ, վստահ եմ չկա նաև փաստաբանների դերի և նշանակության
մասով իմացություն կամ այն խեղված է։ Անգամ տնտեսական իմաստով նպատակը պարզ չէ։ Ասում
են, որ փոփոխություն է արվել, քանի որ որոշ մարդիկ խուսափել են իրական վճարներից։ Ելնելով
միայն խախտողների վարքագիծը զսպելու քաղաքականությունից՝ նման ռեֆորմներ, իմ կարծիքով,
չեն արվում։
-Եթե չկա նույնիսկ տնտեսական իրական նպատակ, հաշվի առնելով միջազգային փորձը,
որտեղ pro bono (անվճար իրավաբանական ծառայությունները), որոշ դեպքերում նույնիսկ պարտադրիր
են, ապա իշխանության կողմից նման ռեֆորմի մոտիվացիան ո՞րն է։
- Իրենք հիմանվորում են,
որ կա Հանրային պաշտպանի գրասենյակ, թող ինքը զբաղվի անվճար օգնությամբ, բայց նաև Գրասենյակի
հնարավորությունները շատ նվազ են, որպեսզի սոցիալական ծանր պայմաններում գտնվող բոլոր
քաղաքացիներին աջակցեն։ Պետք է հաշվի առնել, որ անվճար ծառայություն մատուցելով՝ փաստաբանները
նաև պետությանն էին աջակցում՝ նույնիսկ իրենց բարեկամներին օգնելով։ Օրինակ՝ իշխանական
մարմինների ներկայացուցիչները, երբ ինչ-որ լրագրողական հոդված իրենց դուր չի գալիս,
դիմում են դատարան՝ հայց ներկայացնելով լրատվամիջոցների դեմ, իրականում նպատակ ունենալով
ճնշել այդ լրատվամիջոցների գործունեությունը։ Այս դեպքերում կային տասնյակ փաստաբաններ,
որ առանց վարձատրության օրգնում էին լրատվամիջոցներին, ինչպես նաև շատ ու շատ այլ քաղաքացիների։
Այս ծառայության վերացմամբ՝ շատ շատերը պետության դիմաց մնալու են անպաշտպան։ Գուցե, ի թիվս այլ պատճառների, սա է նաև այդ պատճառներից մեկը։ Այո՛, միջազգային փորձում ընդուված
է և pro bono ծառայությունները պատիվ են բերում և՛ գրասենյակին, և՛ փաստաբանին։ Սա
քաղաքականություն իրականացնողների կողմից սխալ շարժառիթներով առաջնորդվելու հետևանք
է, ինչու ոչ՝ գուցե իրենց նեղ, խմբային շահերով առաջնորդվելու արդյունք է, բայց դրա
արդյունքում անտեսվում է քաղաքացու շահը։
- Հետագա ի՞նչ գործողություններ են սպասվում։
- Կարծում եմ՝ ըստ արդյունքների, նորից քննարկում կլինի և որոշումներ կկայացվեն։