Արդյոք հնարավո՞ր է նոր էսկալացիա և, եթե նման բան լինի, ապա ովքե՞ր կլինեն Հայաստանի աջակիցները՝ հարցին լրագրողների հետ
զրույցում պատասխանեց ԱԺ ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ «Նախ, ես այս պահին
բացառում եմ նման զարգացումը՝ ընդհանուր համաշխարհային տենդենցները գնահատելով, ընդհանուր
գործընթացը գնահատելով: ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը նույնպես ասաց, որ պետք է աշխարհում
այդ պատերազմները չլինեն: Սա նշանակում է, որ նոր խոսք կա, նոր քաղաքականություն
կա ու նոր պահանջ կա: Դա, փաստորեն, որպես պահանջ հնչեց:
Ես կարծում եմ՝ աջակիցներ շատ ունի
այսօր Հայաստանը, բայց մենք պետք է մեր աջակիցների վրա հույսը չդնենք, մենք պետք է
կայուն, լուրջ պետություն լինենք՝ իր հզոր մարտունակ բանակով, տեխնիկական հագեցվածության
բարձր աստիճանով: Միշտ, բոլոր ժամանակներում մենք պետք է տնտեսությունը զարգացնենք,
բանակն էլ հզորացնենք, մեր հարևանների հետ էլ բարեկամ դառնանք, ընկերներ դառնանք»:
Ստացվում է, որ Ալիևն ուղիղ սպառնալիք է հնչեցնում, սպառնում է նոր ռազմական գործողություններով,
ՀՀ վարչապետն ասում է, որ միշտ էլ պատերազմի վտանգ կա։ ԱԺ նախագահն ասում է, որ Ադրբեջանը
պատերազմ սկսելու լեգիտիմ առիթ է փնտրում, ապա հայտարարում, որ նույնիսկ Արցախ բառը
չի կարելի ասել, որպեսզի դրա լեգիտիմ առիթ չլինի և այլն։ Այս ամենից ելնելով՝ պարզ հարց է առաջանում՝
Ալիև՞ն է ստում, ՀՀ վարչապե՞տը, ԱԺ նախագա՞հը, թե՞ ՔՊ ամենահայտնի բիզնեսմեն-պատգամավորը,
ով Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարեկամանալու կոչ է անում, որպեսզի առևտուր անի։
Ինչևէ, երբ Սուքիասյանը հայտարարում է, որ այսօր Հայաստանը շատ աջակիցներ ունի՝
ո՞ւմ նկատի ունի։ Այսօր փաստացի դադարել է գոյություն ունենալ Մինսկի խումբը, ՌԴ-ի և
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են, Իրանը երբևէ ռազմական աջակցության մասին
չի հայտարարել, Վրաստանն էլ, հնարավորինս, լռում է և դեռ մի բան էլ՝ Ադրբեջանին աջակցում։
ԱՄՆ-ն և ԵՄ-ն ակնհայտ հօգուտ Ադրբեջանի որոշումներ են կայացնում, շարունակում են
առևտուր անել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ով նաև ՆԱՏՕ-ի անդամ է։ ԵՄ-ում ստորագրված
գեթ մեկ հայանպաստ փաստաթուղթ գոյություն չունի։ Գուցե, որպես աջակից, Սուքիասյանը Թուրքիայի՞ն
է տեսնում: Այդ դեպքում հարց է առաջանում ո՞ւմ դաշնակիցն է Թուրքիան, որի հետ ինքն այսօր բարեկամության առաջարկ է անում։
44 օրյա, Ապիլյան, Արցախյան առաջին պատերազմների, 30 տարի խաղաղ պայմաններում հայի վրա կրակող ո՞ր ադրբեջանցու և ո՞ր թուրքի ձեռքը կարելի է սեղմել։ Բացի նյությականից այլ արժեքներ չկա՞ն։ Ադրբեջանցու և թուրքի հետ բարեկամություն անող, հետները հաց կիսող անձն ի՞նչ իրավունքով, ի՞նչ խղճով կարող է Եռաբլուր գնալ։ Արդյո՞ք իր ոտքերն իրեն այնտեղ կտանեն, ինչպե՞ս կնայի զոհերի և վիրավորների հարազատների աչքերին, ինչպե՞ս ուրիշի դժբախտության վրա կուտակած դրամները կծախսի։ Թուրքիայից և Ադրբեջանցի եկած լոլիկից անգամ հայի արյան հոտ է գալիս։ Հավանաբար հենց այդ հոտի և համի բաժակով են Սուքիասյանն ու իր նման մտածողները խմում և խմել զոհերի և բանակի կենացը։ Գուցե առանձին միջավայրերում, զուտ հանուն առևտրային բարեկամության, նաև Ադրբեջանի հաղթանակի կենացը խմեն։ Ընդունված էթիկիա է՝ բարեկամի հետ ուրախանալ իր հաջողություններով։