Foto

Պատճառը ժամանակին Թորոսյանի պահվածքն է և Զեյնալյանի հետ հարաբերությունները․ մանրամասներ

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը երկու ամսից ավելի է՝ նախագահ չունի։ Նախորդ տարվա նոյեմբերի 19-ին մանդատը վայր դրեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը։ Նա ևս ստացել էր հայտնի WhatsApp-յան նամակներից։

Պատճառն էլ Քյարամյան-Աղազարյան միջադեպի ժամանակ միջամտությունն էր։ Տևական ժամանակ է՝ պաշտոնն առաջարկել են փոխնախագահ Լուսինե Բադալյանին (Լու-լու), սակայն վերջինս, տարբեր պատճառներվ, մերժել է առաջարկը։ Ավելին՝ երեկ նաև հրաժարվել է փոխնախագահի պաշտոնից, քանի որ ՔՊ-ն այդ պաշտոնում ուզում է առաջադրել առողջապահության նախկին նախարար, հիմա ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանին։

Լուսինե Բադալյանը բավականին լավ հարաբերություններ ունի Զեյնալյանի հետ և դա ԱԺ-ում գաղտնիք չէ որևէ մեկի համար, բայց քչերը գիտեն, որ Թորոսյանի և հանձնաժողովի հարաբերությունները միշտ լարված են եղել։ Թորոսյանն ամեն ինչ արեց, որ առողջապահության ոլորտը վերածվի բիզնեսի և հպարտությամբ հայտարարում էր, որ մուտքեր է բերել ոլորտ։ Զեյնալյանը համամիտ չէր նրա քաղաքականության հետ, շատ նախագծեր Զեյնալյանի հանձնաժողովի կողմից հավանության չէի արժանանում։ Հատկապես բուժկենտրոնների օպտիմալացման ընթացքում Զեյնալյանը և Բադալյանը բացահայտ դեմ էին արտահայտվում։ Հարաբերությունները լարվեցին հատկապես ՁԻԱՀ-ի կենտրոնի փաստացի լուծարման գործընթացի ժամանակ։ Թորոսյանի նախարար եղած ժամանակ կոռուպցիայի նոր նշաձող սահմանվեց, բացի այդ Արսեն Թորոսյանը խորհուրդ լսել  չէր ցանկանում։

Նրա պաշտոնավարման ժամանակ էր, որ Հանրապետական հիվանդանոց անվանբ հայտնի ծննդատան տնօրեն Ռազմիկ Գրիգորյանի ցուցմունքով 3000 դոլոր կաշառք պահանջելու և ստանալու համար ձերբակալվեց ԱՆ փոխնախարար Արսեն Դավթյանը։

2019թ հոկտեմբերի 3-ին Թորոսյանը հրապարակեց մի տվյալ, որտեղ Սևանի բուժկենտրոնում հայտնաբերվել էր մեքենա, որը գնվել էր պետականորեն սահմանվածից շատ ավելի բարձր գնով (առավելագույնը 15 միլիոն, բայց արժեքը գերազանցում էր 20 միլիոնը)։ Հետագայում այդ մեքենան շատ տարօրինակ կերպով Առողջապահության նախարարի աշխատակազմին նվիրաբերեց Սևանի հոգեբուժարանի տնօրեն Շավարշ Գրիգորյանը, ով, շատ զարմանալի պատահականությամբ, մի քանի ամիս անց դարձավ առողջապահության նախարարի տեղակալ: Ընդ որում այդ մեքենան հետագայում սկսեց սպասարկել հենց Թորոսյանին։ Զինվորի տան հասցեին արված Թոորսյանի՝  50-ը հաշմանդամ են՝ 50-ն էլ հաշմանդամ մեռնելու են, հայտարարությունը ևս քննադատվեց Զեյնալյանի և Բադալյանի կողմից։ 

Իրավիճակն այնքան լարված էր, որ երբ 2021թ-ի արտահերթ ընտրություններից հետո Թորոսյանը դարձավ պատգամավոր, չգնաց Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողով։

Մշտապես են եղել խոսակցությունները, թե Թորոսյանը օրենսդիրում իրեն լավ չի զգում, ուզում է այս կամ այն կերպ տեղավորվել գործադիր, դեռ նախարար վերադառնալու հույսը չի կորցնում և այլն, իսկ մի որոշ ժամանակ անց նա Զեյնալյանի պաշտոնն էր ցանկանում և հիմա հասնում է այդ բաղձալի երազանքին։ Այստեղ մեկ այլ խնդիր կա՝ Զեյնալյանի ստեղծած հանձնաժողովը, որը Թորոսյանի ներկայացրած 140 կետանոց նախագիծն ընդունում էր 124 փոփոխությամբ, չի ցանկանում աշխատել Թորոսյնաի հետ: Թերևս դրա մասին բացահայտ արտահայտվում է միայն Լուսինե Բադալյանը։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան