Հունվարի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նելսոն Ստեփանյան 1 հասցեում գտնվող հոսթելում եգիպտոսցու և ՌԴ քաղաքացու միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով եգիպտոսցին վիրավոր է, իսկ քիչ հետո օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված հասցեից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանում բնակվող 35-ամյա Մուստաֆա Ահմեդ Համդի Էլսաիդ Մոհամեդին:
Նշված հասցե են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ Երևանում բնակվող 22-ամյա Ալեքսեյ Կլադովը ժամը 08։00-ի սահմաններում նշված հասցեում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փայտե մահակով հարվածներ է հասցրել Մ. Մոհամեդին:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից նշված հասցեից ՀՀ քր. օր-ի 195-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Ա.Կլադովը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, ով հայտնել է, որ նշված վիճաբանության ժամանակ Մ.Մոհամեդը իրեն հարվածներ է հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և կոտրել իրեն պատկանող բջջային հեռախոսները՝ պատճառելով գույքային վնաս:
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ալեքսեյ Կլադովն աշխատում է «Գլովո ՍՊԸ»-ում՝ որպես առաքիչ։