Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը վաղը Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա մեկնարկող դատավարության նախօրեին, անկասկած ավելորդ անգամ վկայում է ադրբեջանական "արդարադատության" ողջ "պերճանքն" ու թշվառությունը։
Սակայն այդ հայտարարությունը հենց այս, նախադատական փուլում տարածելը վերին աստիճանի կարևոր իրավա-քաղաքական նշանակություն ունի այն շոուի ֆոնին, որ ադրբեջանական իշխանությունները պատրաստվում են իրականացնել հայ գերեվարված բարձրաստիճան պաշտոնատար անձանց դատական քննության միջոցով։
Այդ դատավարությունները ծառայեցվելու են ադրբեջանական հիմնական նարատիվները վերահաստատելու և միջազգայնացնելու, ինչպես նաև Հայաստանին միջազգային իրավունքի խախտումների, պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու համար, որի հեռահար նպատակը Հայաստանի վարկաբեկում է և Երևանից իրենց պահանջների լեգիտիմացմանը հասնելը։
Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը փաստացի այն մասին է, որ իրեն ներկայացված մեղադրանքների հիմքում դրված "ապացույցները" ապօրինի են, կեղծ և հետևաբար անթույլատրելի, իսկ պրոցեսը ոչ թե իրավական է, այլ քաղաքական` էթնիկական խտրականության և ատելության ակնհայտ շեշտերով։
Տակտիկապես ճիշտ ընտրված հասցեատիրոջը` միջազգային հանրությանն ուղղված այդ ուղերձն այսպիսով, ուղղված է սպասվող դատավարությամբ Ադրբեջանի պլանավորած քարոզչա-քաղաքական բլեֆի հիմքերն ի սկզբանե քանդելուն և միջազգային հանրության մոտ թե իր և թե իր հետ անազատության մեջ բռնի պահվող մյուս նախկին բարձրաստիճան հայ պաշտոնատար անձանց նկատմամբ ոչ թե ամբաստանյալի, այլ հենց զոհի ընկալումն ամրապնդելուն։ Այդ դատավարությունը համազգային ուժերով պետք է լռեցվի նրանց իրավունքների խախտման հանգամանքին սևեռված շարունակական ակցիաներով ու միջազգային հումանիտար կազմակերպություններին դրանցում ներգրավվելով։
Անկախ նրանց նկատմամբ առկա հակասական վերաբերմունքից, (հիմա դրանց վրա կենտրոնանալու տեղը և ժամանակը չէ) ուժ և տոկունություն մեր գերեվարված բոլոր հայրենակիցներին։