Վաղը՝ հունվարի 17-ին, Բաքվում կսկսի
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու դատավարական գործընթացը։ Միջազգային
հայտնի կառույցներ և նրանց ներկայացուցիչները տարբեր հարթակներով կոչ են անում, գոնե
միջազգային փաստաբանական խմբի ներգրավվածությունն ապահովել դատավարությանը, խոսում՝ քաղաքական խնդիրների մասին։
«Օկուպացված Արցախի Հանրապետության
նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դեմ Ադրբեջանի շինծու մեղադրանքները
կոծկում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ բանտարկյալների (նկատի ունի Բաքվի
բանտերում ապօրինի պահվող հայ բանտարկյալներին-Խմբ.) դեմ կատարված հանցագործությունները»։
Այս մասին X-ում հրապարակած տեսանյութում ասել է Միջազգային քրեական դատարանի
նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական
շարժումը պահանջագիր է պատրաստել, որտեղ նշում է, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքացիներին
դարձնում է Ադրբեջանի հաշվեհարդարի թիրախ, որը հանցագործություն է սեփական ժողովրդի
հանդեպ։
Ճշմարտության և արդարության կենտրոնը
խնդրել է Ադրբեջանի կառավարությանը՝ թույլատրել միջազգային հեղինակավոր իրավաբանների
խմբին մեկնել Բաքու՝ մասնակցելու և հետևելու հայ բանտարկյալների առաջիկա դատավարություններին,
որոնք կսկսվեն հունվարի 17-ին: Այս մասին գրում է Asbarez-ը:
Խնդրին անդրադարձել են նաև ռուս փորձագետներ,
միջազգային իրավունքի տարբեր մասնագետներ։
Բայց կա մեկ էական շահառու, որը լռում է՝ Հայաստանի Հանրապետությունը։ Ստացվում է, որ Բաքվում ապօրինի պահվում են հայ պետական այրեր, ՀՀ քաղաքացիներ, նրանց դատապարտում են, ոտնահարում են նրանց իրավունքները, իսկ ՀՀ-ն չի պահանջում դադարեցնել այդ ապօրինի հանցագործությունների շղթան։ Նույնիսկ հենց այս օրերին զուգահեռ առաջ է տանում այն թեզը, որ պետք է միջազգային հարթակներում հրաժարվել Բաքվի դեմ ներկայացված հայցերից։
Այս իրավիճակում ինչպե՞ս կարող է Ադրբեջանն
անսալ միջազային այլ կառույցների ներկայացուցիչների կոչերին կամ մյուս պետություններն
ի՞նչ բարոյական իրավունքով կարող են խնդրել, որ Ադրբեջանն առնվազն միջազգային իրավաբանների
խումբ թողնի Բաքու՝ մասնակցելու իրենց շինծու դատավարական գործընթացին։
Եթե ինչ-որ բան քոնն է և դու հոժարակամ
ես, որ այն քեզնից վերցրել են, ապա էլ կորո՞ղ ասել կամ ով՞ կասի, թե ինչո՞ւ եք վերցրել,
վերադարձրեք։
Այս ամենը տեսնելով՝ Ադրբեջանը նույնիսկ
թույլ չի տալիս, որ դիտորդներ լինեն իրենց հորինած մեղադրանքների քննության ժամանակ։
Սա, իհարկե, միջազգային կազմակերպությունների համար պիտի խնդրահարույց լինի, բայց դրա
մասին նույնիսկ չեն բարձրաձայնում։ Հիմա Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնելու
անհրաժեշտություն չկա, իսկ եթե մի օր հիշեն էլ, ապա միայն իրենց շահերից ելնելով։
Հիշեցնենք, որ Ադրբեջանից վիզաների
սպասող միջազգային դիտորդների թվում են Instituto Espacio para la Memoria-ի տնօրեն
և Ատլանտիդայի համալսարանի Մարդու իրավունքների հետազոտությունների ինստիտուտի տնօրեն
Անա Մարիա Կարեագան, իրավաբան, Արգենտինայի իրավաբանների ասոցիացիայի նախագահ, Արգենտինայի
Mothers of Plaza de Mayo ազգային համալսարանի և Մորենոյի ազգային համալսարանի պրոֆեսոր
Կլաուդիա Վիվիանա Ռոկան, իրավաբան, մարդու իրավունքների և միջազգային քրեական իրավունքի
ոլորտում փորձագետ, Բուենոս Այրեսի Բարձր քրեական դատարանի նախկին զեկուցող, իրավագիտության
պրոֆեսոր Իրեն Վիկտորիա Մասսիմինոն, ավագ փաստաբան և միջազգային քրեական իրավաբան Ավի
Սինգհը: