Foto

Ի՞նչ արտաքին հարաբերությունների մեջ է ՀՀ-ն Իրանի հետ իրականում և Փաշինյանի գնահատմամբ

Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հատ-հատ անդրադարձել է տարածաշրջանի և այլ երկրների հետ արտաքին քաղաքականության մեջ իր գնահատմամբ ձեռքերումներին։ Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ մասնավորապես գրել է․ «Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններն առարկայական են առավել քան երբևէ: Այդ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը փոխգործակցության ամենահուսալի բազան է և հարաբերությունների կայունության երաշխիք»:

Սա այն դեպքում է հայտարարվում, երբ Իրանը պարզապես բողոքում է ՀՀ-ի և իր սահմանին ԵՄ դիտորդների ներկայության դեմ։ Բացահայտ հայտարարում էր, որ տարածաշրջանում աշխարհագրական և դեմոգրաֆիական փոփոխություններ չի ընդունի։ Տևական ժամանակ աջակցության ձեռք էր մեկնում, բայց մնացել է անպատասխան։

Caliber․az-ի բացառիկ տեղեկություններով, Իրանի ԱԽ քարտուղար Ահմադիանը Երևան կատարած այցի ժամանակ Հայաստանին առաջարկել է հրաժարվել սահմանամերձ շրջաններում ԵՄ դիտորդական առաքելությունից։ Հասկանալով, որ Երևանն այս կերպ փորձում է Բրյուսելից «իր անվտանգության երաշխիքներ» ստանալ՝ Ահմադիանն առաջարկել է Հայաստանին ռազմական պայմանագիր կնքել՝ ՀՀ տարածք իրանական զորքեր մտցնելու հնարավորությամբ։ Սա, ըստ Թեհրանի, չի համարվի «դրսի ռազմական ուժերի առկայություն Հայաստանում և միայն կկայունացնի իրավիճակը»։ Այսպիսով, Հայաստանը հայտնվել է պատրաստի լուծումներով աշխարհաքաղաքական երկու կենտրոնների արանքում և ստիպված է լինելու իր համար դժվար քայլեր նախաձեռնել»։

Վերջին շրջանում,  մեզ համար հատկապես կարևոր հանգամանքով՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով պայմանավորված, կարևոր է Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը, որը հակընդեմ է Բաքվին և համահունչ՝ հայոց ազգային անվտանգային շահերին:

«Իրանի բանագնացը Փաշինյանին բացատրել է Անդրկովկասում «շախմատի խաղ»ի կանոնները,- այս մասին «Свободная пресса»-ի իր հոդվածում գրում է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) ԱԱԽ քարտուղար Ալի Ահմադիանի օրերս Երևան կատարած այցին։ Վերլուծաբանը գրում է, որ մերձավորարևելյան մեծ ճգնաժամի ցունամիի ալիքները հասնում են Անդրկովկաս։

Բացի այդ ժամեր առաջ մեծ հանդիսավորությամբ Երևանն ու Վաշինգտոնը՝ ի դեմս երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների՝ Արարատ Միրզոյանի և Էնթոնի Բլինքենի, ստորագրեցին երկկողմ ռազմավարական համագործակցության մասին կանոնադրությունը:

Ստորագրման արարողությանը հաջորդած ասուլիսում Բլինքենը հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ԱՄՆ-ն հատուկ խումբ կուղարկի Հայաստան՝ սահմանային անվտանգության հարցերի քննարկման նպատակով:

Հատկանշական է, որ ամերիկյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Իրանի նախագահն էլ հայտարարել է, թե ռազմական առճակատման չեն ձգտում, բայց ցանկացած ձևով կհարվածեն ԱՄՆ-ին և Իսրայելին, եթե վերջիններս որոշեն հարվածել:

Իսկ չհրապարակված ի՞նչ կա այդ կանոնադրությունում, գուցե դա հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին, օրինակ՝ ՀՀ տարածքից հարվածներ հասցնել հենց Իրանին և այլն։

Ի դեպ, Իրանի և հատկապես ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններն անտեսող ՀՀ իշխանությունները պետք է նկատի ունենան, որ հունվարի 17-ին Մոսկվան և Թեհրանը ռազմավարական համապարփակ գործընկերության համաձայնագիր են ստորագրելու՝ Պուտին-Փեզեշքիան բանակցությունների արդյունքում: 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան