Foto

Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ․ Բագրատ սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ է արել Հայաստանի ու Սփյուռքի հայերին՝ զորակցություն հայտնել Բաքվում ապօրինաբար պահվող մեր գերյալներին․

«Պետք է շատ լավ հասկանանք, որ Բաքվում բռնությամբ կորզված որևէ, այսպես կոչված, «ցուցմունք» չի կարող հիմք հանդիսանալ մեր կարծիքի փոփոխության և մեր գործողությունների վերանայման համար։ Մենք պիտի շատ լավ պատկերացնենք, թե ինչպիսի´ պայմաններում են կորզվել բոլոր հնարավոր «ցուցմունքները», և թե ինչ ճնշման տակ են գտնվել բոլոր պատանդները։

Ո՞րն է մեր անելիքը...

Ըմբռնելով հանդերձ մեր հասարակական կյանքի հոգևոր և քաղաքական կաթվածահարության աստիճանը, տեղեկատվական գրոհներն ու ահաբեկչությունը.

Ա. Կոչ եմ անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, ձեր անվերապահ աջակցությունը հայտնել մեր պատանդառված հայրենակիցներին։

Բ. Աջակցության բովանդակությունը պետք է լինի շատ հստակ. Հայ ժողովուրդը միասնական է Բաքվի պատանդառած իր հայրենակիցներին զորակցության հարցում՝ վստահեցնելով, որ մենք նրանց կողքին ենք, և որ Բաքվի որևէ ճնշում չի կարող սասանել ո´չ մեր աջակցությունը, և ոչ էլ Հայաստանի և հայ ժողովրդի կամքը՝ սեփական պետությանը և սեփական քաղաքացիներին տեր կանգնելու համար՝ ի տես աշխարհի, ի տես մեր ներքին և արտաքին բոլոր թշնամիների՝ հավաստելով, որ մենք տեր ենք մեր հայրենակիցներին, և որևէ թշնամական դատավարություն չի կարող մեզ ջլատել և մեր կարծիքը փոխել նրանց մասին։

Կոչ եմ անում բոլոր կարող կազմակերպություններին և անհատներին՝ Հայաստանում և սփյուռքում ի մի բերելու իրենց տեղեկատվական և կազմակերպչական բոլոր միջոցները՝ այս հարցում միասնություն և արդյունավետ ընթացք ապահովելու համար:

Այս խնդրի շուրջ տարակարծություններ չպետք է լինեն՝ պայմանավորված քաղաքական կամ որևէ այլ դիրքորոշումով:

Ձեզ զգացեք նրանց փոխարեն… Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ...»

Video Player