ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Շահեն Քիթոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Արթիկ) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝
- արտադրական շինությունների կառուցվածքն ու դասավորվածությունը չեն բացառել աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
- չեն եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված տաք և սառը ջրով լվացարաններ,
- պատերի որոշ հատվածներ պատված են եղել բորբոսով, գտնվել են ոչ նորոգ վիճակում,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, պարագաները և բեռնարկղները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից,
- բացվող պատուհաններն ապահովված չեն եղել միջատապաշտպան ցանցերով:
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։