Foto

«Չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է». Դմիտրի Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին կոշտ հայտարարություններից հետո, կհիշի ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին: Նա այս մասին ասել է РИА Новости-ին:

«Ես չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Կամ էլ մեկ այլ տարբերակ. հաշվի առնելով ՀՀ առաջնորդների՝ Եվրամիության հետ «նշանադրվելու» մտադրությունը՝ կարելի է ուղիղ դիմել ԵՄ-ին: Նրանք սիրում են փողով և զենքով օգնել դրախտի թեկնածուներին»,- նշել է ՌԴ ԱԽ փոխնախագահը:

Օրերս Ալիևը Հայաստանն անվանել է Հարավային Կովկասի համար «սպառնալիքի աղբյուր» և հայտարարել, որ հայկական անկախ պետությունն իրականում «ֆաշիստական ​​պետություն է», և քանի որ Ադրբեջանը հարևան է «ֆաշիստական ​​պետությանը», ուրեմն «ֆաշիզմի վտանգը չի վերացել և ֆաշիզմը պետք է ոչնչացվի»:

Դրանից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ Բաքուն փորձում է Երևանին ագրեսիվ հռետորաբանության հրահրել։

Իրավաբան.net