Սևանցի ուժային եռամարտիկ, միջազգային մրցաշարարերի բազմակի հաղթող, «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիր Վարազդատ Հակոբյանը հերթական ռեկորդն է սահմանել՝ ցուցադրելով արտասովոր նոր գործողություն։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «ՀՀ Դյուցազնագրքի» հիմնադիր նախագահ Վարդան Թովմասյանից, Վարազդատը 120 կիլոգրամանոց ծանրաձողը պարաններով կապած ու դաստակներին հագցրած վիճակում տեղից պոկել ու բարձրացրել է մինչև գոտկատեղ, ապա նույն դիրքում անշարժ պահել այնքան ժամանակ, մինչև որ հասցրել է պատռել իր ձեռքի ափերում պահած 1 տուփ խաղաղթղթերը։
Ռեկորդը գրանցել է «ՀՀ Դյուցազնագրքի» հիմնադիր նախագահ Վարդան Թովմասյանը։
Վարազդատ Հակոբյանի հավաստմամբ՝ ինքը հիմա պատրաստվում է սահմանել աշխարհի նոր ռեկորդ՝ ձեռքերով տեղաշարժելով 200 տոննա կշռող վագոնների շարասյուն։ Ռեկորդը մարզիկը նվիրելու է Գեղարքունիքի մարզին։