Այն ամենն, ինչ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացրել է որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների մեկնակետ կամ առաջարկ, բառի բուն իմաստով Հայաստանի վերջնական կապիտուլյացիայի սևագրությունն է:
Կընդունի՞ դա Ադրբեջանը՝ մեծ հարցականի տակ է: Հիմա Փաշինյանն ուղղակի անձնատուր է լինում, միայն թե պահպանի իր իշխանությունը: Այսինքն, նույնիսկ այն դրույթները, որոնցում քիչ թե շատ հայաստանյան շահեր են պարունակվում, չափազանց լղոզված են ու մի սկզբնակետ ունեն՝ պահպանել ձևական պետականություն և իր՝
Փաշինյանի անվանական-անձնական կառավարումը:
Այդ պայմաններով գոյություն ունեցող Հայաստանում ոչ ոք չի կարող պետական կառավարում ստանձնել ու իրականացնել, քանի որ դրանից յուրաքանչյուր շեղում Ադրբեջանին ֆորմալ առիթ կտա՝ նոր ագրեսիա սկսել Հայաստանի դեմ:
Փաշինյանը դեռևս համոզված է կամ փորձում է այդ ուղերձի հայաստանյան շահառուներին համոզել, որ ներկա աշխարհակարգում հնարավոր է անխախտ սահմաններ պահպանել: Սակայն Ադրբեջանը շատ լավ է հասկացել օրվա աշխարհաքաղաքական տենդենցների նյարդը՝ ոչինչ անփոփոխ չէ, ոչինչ մշտական չէ, և հիմա հենց այն ժամանակն է, երբ կարող ես ստանալ կա՛մ ամեն ինչ, կա՛մ կորցնել նույնիսկ եղածը:
Միակ բանը, որ կարող էր ինչ-որ չափով ապահովագրել Հայաստանին ապագա կատակլիզմներից, միջազգային կայուն երաշխիքներն են՝ հայ-ադրբեջանական ցանկացած համաձայնեցված հարաբերությունների պահպանման համար: Բայց դա ամենևին չի բխում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումներից: Նիկոլ Փաշինյանը նույնիսկ դրան է համաձայն և ի՛նքն է առաջարկում լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: