Եվ ԵՄ-ի, և ԵԱՏՄ-ի անդամ լինելն ուղղակի անհնար է, իսկ ԵԱՏՄ-ն Երևանին իրական օգուտ է բերում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ռուսաստանը գնահատում է հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հավելել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:
«Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ընդ որում` այդ անդամակցությունը, եթե իրերն իրենց անուններով կոչենք, շատ ու շատ դրական դիվիդենտներ է տալիս Հայաստանին` որպես պետություն, և այդ երկրի ժողովրդին։
ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում երկրի աճի բարձր տեմպերը տոկոսներով են չափվում»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Նրա կարծիքով` այժմ դեռ դժվար է ասել, թե ինչ է նշանակում ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը, պետք է նայել, թե ինչ շեշտադրումներ կանի հայկական կողմը։
«Իհարկե, երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը պարզապես անհնար է։ Այստեղ մեկ մաքսային տարածք է, մեկ գոտի՝ ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի տեղաշարժի համար։ Այնտեղ այլ նորմեր են»,- նշել է Կրեմլի խոսնակը:
Հիշեցնենք, որ այսօր Կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։
Աղբյուրը՝ hraparak.am